Կազմակերպիչները հայտարարել են, որ այսօր Միացյալ Նահանգներում՝ խոշոր քաղաքներից մինչև փոքր գյուղական համայնքներ, նախատեսված է ավելի քան 2500 «No kings» հանրահավաք։ Այդկերպ նրանք բողոքում են այն բանի դեմ, ինչը նրանք անվանում են նախագահ Դոնալդ Թրամփի կողմից «Առաջին փոփոխության իրավունքների ճնշում», հաղորդում է NBC News-ը։

Ակնկալվում է, որ դրանց կմասնակցեն միլիոնավոր մարդիկ։

Կազմակերպիչները շեշտել են, որ այսօրվա միջոցառումները խաղաղ կլինեն՝ սա ուղիղ պատասխան է հանրապետականների և Թրամփի վարչակազմի հայտարարություններին այն մասին, որ բողոքի ցույցերը կարող են անապահով լինել։ Աջակիցները երթերը անվանում են խոսքի ազատության պաշտպանության հայրենասիրական գործողություն, մինչդեռ քննադատները դրանք անվանում են հակաամերիկյան:

Մի քանի նահանգապետեր մոբիլիզացրել են Ազգային գվարդիան, իսկ Թրամփն ընդլայնել է տեղակայումը դեմոկրատների կողմից ղեկավարվող քաղաքներում՝ ցույցերի նախօրեին։