TRIPP նախագիծը անպայման կիրականացվի։ Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ այս մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևի հետ մամուլի ասուլիսում։
«Ինչպես գիտեք, օգոստոսին Վաշինգտոնի գագաթնաժողովի ձեռքբերումներից մեկը TRIPP (The Trump route for international peace and prosperity) նախագիծն է։ Նախագահ Թրամփն իր անունն է տվել այդ նախագծին, ինչը, բնականաբար, խոսում է այն մասին, որ այդ նախագիծն անպայման կիրականացվի։ Դրանով իսկ բացվում է Միջին միջանցքի ևս մեկ երթուղի։ Ավանդական երթուղուց բացի, ի հայտ է գալիս ևս մեկը՝ Զանգեզուրով, 15 միլիոն տոննա բեռնաշրջանառությամբ, որը համապատասխանում է ժամանակակից չափանիշներին։ Այնպես որ, Ասիայից Եվրոպա և հակառակ ուղղությամբ մեր երկրների տարածքներով բեռների ծավալը ինքնին աճելու ներուժ ունի, բայց նաև կունենա ընդունման և ուղարկման էլ ավելի մեծ ներուժ», - նշել է Ալիևը։
Հիշեցնենք, որ TRIPP նախագիծը Հայաստանի Սյունիքի մարզում իրականացվում է որպես տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման մաս։




























