ԱՄՆ ֆինանսների նախարարությունն արգելել է աշխատակիցներին հրապարակել Սպիտակ տան պարահանդեսային դահլիճի շինարարության լուսանկարները, այն բանից հետո, երբ Արևելյան թևի մի մասի քանդման լուսանկարները վիրուսային տարածում են գտել առցանց հարթակներում, հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը։

WSJ-ն նշել է, որ Ֆինանսների նախարարության գլխավոր գրասենյակը գտնվում է Արևելյան թևի կողքին, ինչը նախարարության աշխատակիցներին հնարավորություն է տալիս առաջին շարքում ներկա գտնվել նախագահ Դոնալդ Թրամփի 250 միլիոն դոլար արժողությամբ պարահանդեսային դահլիճի կառուցմանը։

«Քանի որ Սպիտակ տան տարածքում շինարարություն է ընթանում, աշխատակիցները պետք է զերծ մնան տարածքի, այդ թվում՝ Արևելյան թևի լուսանկարներ անելուց կամ տարածելուց՝ առանց Հասարակայնության հետ կապերի գրասենյակի նախնական համաձայնության»։ Այս մասին մեջբերում է թերթը՝ հիմնվելով Ֆինանսների նախարարության մամուլի խոսնակի կողմից նախարարության աշխատակիցներին ուղղված էլեկտրոնային նամակից ստացված հատվածների վրա։

Ավելի վաղ The Washington Post թերթը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ շինարարները սկսել են Սպիտակ տան արևելյան թևի մի մասի քանդումը, չնայած ԱՄՆ նախագահի խոստմանը՝ չվնասել համալիրի առկա հատակագիծը։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարել էին, որ պարահանդեսային դահլիճը փաստացի կփոխարինի արևելյան թևին։

ԱՄՆ նախագահը սկզբում նախագծի արժեքը գնահատել էր 200 միլիոն դոլար, սակայն հետագայում այն ​​բարձրացրել էր մինչև 250 միլիոն դոլար։ Սպիտակ տան բնակիչը նախկինում ընդգծել էր, որ աշխատանքները չեն պահանջի ԱՄՆ բյուջեից ֆինանսավորում, քանի որ շինարարությունը կֆինանսավորվի անհատների, ընկերությունների և անձամբ Թրամփի մասնավոր ներդրումների միջոցով։ Նախատեսվում է, որ պարահանդեսային դահլիճը կարող է տեղավորել մինչև 650 մարդ։