Բելգիայի վարչապետը հինգշաբթի հայտարարել է, որ իր եվրոպացի գործընկերները պետք է հավասարապես ռիսկի դիմեն իր երկրում պահվող սառեցված ռուսական միլիարդավոր դոլարների ակտիվների օգտագործման ռիսկը՝ Ուկրաինայի տնտեսությանը և ռազմական ջանքերին առաջիկա տարիներին օգնելու համար, հաղորդում է Associated Press-ը։

Ուկրաինայի 2026 և 2027 թվականների բյուջեն և ռազմական կարիքները գնահատվում են ընդհանուր առմամբ մոտ 153 միլիարդ դոլար, և Եվրամիության գործադիր մարմինը, միջոցներ հայթայթելու համար, սառեցված ռուսական ակտիվները որպես գրավ օգտագործելու ծրագիր է մշակում։

Այս ակտիվների ամենամեծ մասը՝ մոտ 225 միլիարդ դոլար արժողությամբ, պահվում է Բելգիայում, և կառավարությունը զգուշանում է այդ գումարն օգտագործելուց՝ առանց ԵՄ այլ երկրների կողմից տրամադրված հուսալի երաշխիքների։

«Եթե մենք ցանկանում ենք դրանք փոխանցել Ուկրաինային, մենք պետք է դա անենք միասին,- լրագրողներին ասել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը՝ Բրյուսելում ԵՄ գործընկերների հետ գագաթնաժողովում։- Հակառակ դեպքում Ռուսաստանի պատասխան միջոցառումները կարող են ազդել միայն Բելգիայի վրա։ Դա այնքան էլ  խելամիտ չի լինի»։

«Մենք փոքր երկիր ենք, և պատասխան միջոցառումները կարող են շատ խիստ լինել: Նրանք կարող են բռնագրավել Ռուսաստանում արևմտյան բանկերի բոլոր միջոցները, ինչպես նաև Ռուսաստանում եվրոպական ընկերությունների սեփականության տակ գտնվող ընկերությունները»,- ասել է նա։

Եվրահանձնաժողովը այս ծրագիրն անվանել է «փոխհատուցվող գրավ»։

Ըստ էության, ԵՄ երկրները Ուկրաինային կերաշխավորեն մոտ 165 միլիարդ դոլարի վարկ եվրոպական միջոցներից, որը չի վերցվի ակտիվներից: Կիևը կվերադարձնի ԵՄ միջոցները միայն այն բանից հետո, երբ Ռուսաստանը Ուկրաինային զգալի պատերազմական փոխհատուցումներ կվճարի իր պատճառած զանգվածային ավերածությունների համար: Եթե Մոսկվան հրաժարվի, նրա ակտիվները սառեցված կմնան: Ռուսաստանը բազմիցս զգուշացրել է նման քայլի դեմ։

Այնուամենայնիվ, Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պնդել է, թե «մենք չենք բռնագրավում ակտիվները, այլ վերցնում ենք մնացած կանխիկը՝ Ուկրաինային վարկ տրամադրելու համար»։

Նա ասել է, որ Ուկրաինան պետք է վերադարձնի այս վարկը, եթե Ռուսաստանը փոխհատուցում վճարի։

«Ռուսաստանը հանցագործ է: Նա վնաս է պատճառել և պետք է պատասխանատվության ենթարկվի»,- ասել է ֆոն դեր Լայենը։

Նա ավելացրել է, թե կարծում է, որ իր թիմը գտել է հզոր իրավական միջոց դա անելու և ընդդիմացող անդամ պետություններին գրավելու համար։

Հինգշաբթի Դե Վևերը պնդել է, որ պետք է տեսնի, թե ինչ կլինի արդյունքը։

«Ես նույնիսկ դեռ չեմ տեսել այս որոշման իրավական հիմքը,- ասել է նա,- Կարծում եմ՝ սա առաջին քայլն է, եթե ուզում եք կարևոր որոշում ընդունել։ Սա երբեք տեղի չի ունեցել։ Նույնիսկ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ մենք դա չենք արել, այնպես որ սա մանրուք չէ»։

Եվրոպական կենտրոնական բանկը և եվրո օգտագործող ԵՄ այլ երկրներ նույնպես մտահոգված են, որ նման քայլը կարող է խաթարել միասնական եվրոպական արժույթի նկատմամբ միջազգային վստահությունը։

ԵՄ-ն հույս ունի, որ այլ երկրներ նույնպես նմանատիպ քայլեր կձեռնարկեն, եթե Բելգիան միանա համաձայնագրին։ Դաշինքից դուրս որոշ G7 երկրներ նույնպես սառեցրել են ռուսական ակտիվները։ Ճապոնիան ունի մոտավորապես 50 միլիարդ դոլար, մինչդեռ ԱՄՆ-ը՝ 8-9 միլիարդ դոլար, իսկ Մեծ Բրիտանիան և Կանադան՝ ավելի փոքր գումարներ։ Սառեցված ակտիվներից ստացված տոկոսներն արդեն օգտագործվում են Ուկրաինայի համար G7 վարկային ծրագիրը ֆինանսավորելու համար, և դա չի ազդի ծրագրի իրականացման վրա։