ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողներին հայտնել է, որ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատում են որպես գերազանց: Ճապոնիա մեկնող ինքնաթիռում լրագրողների հետ զրույցը հեռարձակվել է Սպիտակ տան YouTube-ի ալիքով։
«Ամեն ինչ իդեալական է, ես ձեզ տրամադրել եմ ամբողջական արդյունքները»,- պատասխանել է Թրամփը այն հարցին, թե արդյոք նա ՄՌՏ (մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա) է արել։ «Մեր հետ ճանապարհորդում են բժիշկները, կարծում եմ, նրանք ձեզ շատ համոզիչ եզրակացություններ տվեցին։ [Եթե առողջական վիճակը վատ լիներ], ես չէի թաքցնի, ես ինչ-որ բան կանեի դրա հետ։ Բայց բժիշկներն ասացին, որ ես այս տարիքի համար ունեմ լավագույն [բժշկական հետազոտության] արդյունքներից մեկը։ Լավագույններից մեկը, որը նրանք երբևէ տեսել են»,- ասել է ԱՄՆ նախագահը։
2025 թվականի ամռանը Թրամփի մոտ նկատվել էր ոտքերի այտուց և ձեռքի կապտուկներ։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթն այն ժամանակ հայտարարել էր, որ նախագահի առողջական վիճակը գերազանց է։ Այտուցը, նրա խոսքով, պայմանավորված է երակային անբավարարությամբ, ինչը տարածված է 70-ից բարձր մարդկանց մոտ, իսկ ձեռքերի կապտուկները բացատրվում են հաճախակի ձեռքսեղմումներով և ասպիրինի ընդունմամբ։




























