«Եվրոպայի խորհրդարանը հանձնառու է աջակցելու այս շատ նուրբ, բայց միևնույն ժամանակ շատ կենսական գործընթացին, որպեսզի կարողանանք ստեղծել պայմաններ արդար և կայուն խաղաղության համար»։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 29-ին «Եվրոնեսթ» Խորհրդարանական վեհաժողովում հայտարարեց ԵԽ փոխնախագահ Յունուս Օմարջին՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերություններին։ Նա հայտարարեց, որ իրենք ողջունում են երկու երկրների ջանքերը՝ միտված խաղաղության հաստատմանը։
«Հայաստանի վերջին շրջանի որոշումները չափազանց կարևոր են։ Հայաստանը պատմական օրենք է ընդունել, որում ասվում է, որ Հայաստանը տեսնում է իր ապագան Եվրոպայի կազմում։ Սա պարզապես խորհրդանշական ժեստ չէ, ռազմավարական ընտրություն է՝ միանալ Եվրոպական ժողովրդավարության ընտանիքին։ Եվրոպայի խորհրդարանը պատրաստ է աջակցել Հայաստանին այս պատմական ճանապարհին, իհարկե, եթե որոշեք պաշտոնապես ներկայացնել ԵՄ անդամակցության ձեր թեկնածությունը»,–հավելեց Յունուս Օմարջին։
ԵԽ փոխնախագահ Յունուս Օմարջին նկատեց, որ «Եվրոնեսթ» Խորհրդարանական վեհաժողովը Հայաստանում անցկացվում է արդեն երկրորդ անգամ։
«Ձեր հյուրընկալությունը վկայությունն է այն բանի, որ դուք մեծ նշանակություն եք տալիս եվրոպական երկխոսությանը և համագործակցությանը։ Եվրոնեսթն ավելին է, քան պարզապես երկխոսության հարթակը, սա մեր հավաքական քաղաքական կամքի վառ օրինակ և հնարավորություն է, որ ԵՄ–ն և գործընկերները համատեղ ստեղծեն իրենց ապագան, որը հիմնված կլինի խաղաղության և ժողովրդավարության սկզբունքների վրա։ Այսօր աշխարհը ինչպես երբեք լի է մարտահրավերներով։ Անվտանգության և ժողովրդավարության համաշխարհային սպառնալիքներն աճում են՝ մեծացնելով տնտեսական անկայունությունը, աշխարհաքաղաքական հակազդեցությունները, կլիմայի հետ կապված խնդիրները և այլն։ Այս ամենը հսկայական ճնշում է մեր համայնքների համար, և այս համատեքստում մեր գործընկերությունը շատ ակտուալ է և ավելի կարևոր, քան երբեք»,–նշեց Յունուս Օմարջին։





























