Մանկավարժական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում այսօր` հունվարի 30-ին, դրությունը թեժ ու ճնշող էր, մթնոլորտը շիկացած, իսկ բուհի ներսում ուսանողները դասախոսները բոլորը շշուկով խոսում էին Մանկավարժության ամբիոնի դեկան Արտաշես Մկոյանի դեմ կաշառակերության մեղադրանքով գործ հարուցելու մասին:

Արտաշես Մկոյանի աշխատասենյակի դուռն այսօր փակված էր ու կապարակնքված, իսկ բուհի ռեկտոր, ԲՀԿ-ական Վարդեւան Գրիգորյանը համալսարանի մանկավարժության ֆակուլտետի դեկանի կողմից 150 հազար դրամ կաշառք պահանջելու եւ ստանալու մասին լուրերին ահազանգեց միայն երեկոյան կողմ: «Ես էլ տեղյակ չեմ եղել, հավատացեք: Ինձ միայն երեկ երեկոյան ժամը 19-ի կողմ զանգել է ֆակուլտետի քարտուղարուհին՝ տիկին Մելանյան, թե պարոն Գրիգորյան, միլիցիայի 2 աշխատողի հետ գնում եմ ինստիտուտ՝ փաստաթղթեր հանձնելու: Նա ինձ ասաց, որ Մկոյան Արտաշեսին ձերբակալել են, գնում եմ փաստաթղթերը հանձնեմ»,-NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վարդեւան Գրիգորյանը:

Նա պատմեց, որ քարտուղարուհի զանգից 5 րոպե հետո եղել է համալսարանում, տեսել ու զրուցել է ոստիկանության աշխատակիցների հետ: «Հարցրի, ի՞նչ է պատահել, ասացին ուսանողից կաշառք վերցնելու համար ձերբակալվել է մանկավարժության ֆակուլտետի դեկան Արտաշես Մկոյանը»:

Վարդեւան Գրիգորյանը նշեց նաեւ, որ դեպքը տեղի է ունեցել ոչ թե ինստիտուտում, այլ` դրսում, այն էլ կիրակի օրը: «Քննությունները հունվարի 27-ին ավարտվել են, 28-ին բանակի օրն էր, ազատ էինք, իսկ 29-ին կիրակի էր, նա կիրակի օրն է հանդիպել ուսանողին»,-վստահեցրել է բուհի ռեկտորը՝ նշելով, որ քննությունները բուհում ավարտված են եղել եւ մնացել են մեկ-երկու ուսանողներ, որոնցից մեկը հենց Արմավիրի մարզից 31-ամյա բնակիչ Կարապետ Խաչատրյանն է եղել:

Բուհի ռեկտոր Վարդեւան Գրիգորյանը հերքեց տարածված այն լուրերը, թե ձերբակալված դասախոսը ԲՀԿ անդամ է: «Չկա նման բան, Մկոյանը անկուսակցական է: Բազմիցս ասել եմ եւ ստիպված եմ նորից կրկնել, որ 6000-հոգանոց մանկավարժական համալսարանի կոլոկտիվից ընդամենը 10-12 հոգի է ԲՀԿ-ական»,-ասաց ռեկտորը, հավաստելով, որ հարցը քաղաքական որեւէ ենթատեքստ չունի:

«Ես խնդրում եմ հարցը չքաղաքականացնել: Մեր համալսարանը 77 տարվա պատմություն ունի եւ առաջին անգամ է նման դեպք գրանցվել: Ինչ մնում է Արտաշես Մկոյանին, կոլեկտիվն էլ կերաշխավորի, որ նա շատ պարկեշտ անձնավորություն է»,- ասաց ռեկտորը:

Հարցին, թե իր կարծիքով, այս գործում կա՞ արդյոք դասախոսի դեմ ուղղված հատուկ միտում, կամ ենթատեքստ, հատկապես, որ այս խնդրով զբաղվել է միանգամից Երեւանի ոստիկանությունը, ռեկտորը պատասխանեց. «Ոչ ես որեւէ միտում չեմ տեսնում: Խնդիրը պետք չէ քաղաքականացնել, կամ դրան այլ երանգներ տալ»: