ՆԳՆ հատկացումները մոտ 2.5 միլիարդով պակասում են, մինչդեռ մոտ երկու ամիս առաջ Նիկոլ Փաշինյանն ու դուք ազդարարեցիք, որ ՊՆ բյուջեն 2025-ին կրճատվելու է ու որևէ բառ չհնչեց ՆԳՆ կրճատում լինելու մասին, Ադրբեջանին դուր գալու համա՞ր էիք հայտարարում, որ վայ, տեսեք պաշտպանական ծախսերը կրճատում ենք, իսկ ոստիկանության մասին ընդհանրապես լուռ մնացինք։ Այս մասին ԱԺ-ում հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ դիմելով Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին։

«Եթե կրճատումների մասին էիք խոսում՝ կարելի էր օրինակ ներքին գործերին էլ հիշատակել։ Ինչո՞վ է պայմանավորված ՊՆ-ինը հատուկ ժրաջանությամբ ներկայացնելը»,-հարցրեց Մանուկյանը։

Ի պատասխան Վահե Հովհաննիսյանն ասաց, որ ՊՆ ծախսերը կրճատվելու մասին իր հայտարարությունը վերաբերել է միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից օգոստոսի 8-ից հետո հնչած կամ հայտարարած ձևակերպումներին։ «Ես մեկնաբանություն էի տալիս միջազգային ռեյտինգային կազմակերպությունների կողմից արված հայտարարությունները այն մասին, որ իրենք համարում էին, որ երկարաժամկետ կամ միջնաժամկետ առումով Վաշինգտոնյան համաձայնագրերի կնքումը դրական ազդեցություն է ունենալու Հայաստանի Հանրապետության ֆիսկալ կայունության վրա և մասնավորապես, հաշվի առնելով այն, որ խաղաղության պայմաններում Հայաստանը ստիպված չի լինելու մեծ գումարներ ուղղել պաշտպանության ոլորտին։

Իմ արձագանքը դրան այն էր, որ 2026 թվականին արդեն իսկ որոշ նվազումներ են նախատեսվում այդ ուղղությամբ մեր ծախսերում։ Այսինքն, իմ մեկնաբանությունը դրան էր վերաբերվում, ես չէի պատրաստվում որևէ բան ազդարարել, այլ ընդամենը մեկնաբանում էի միջազգային ռեյտինգային ընկերության կողմից արված հայտարարությունը»,-ասաց նա՝ ընդգծելով, որ ՆԳՆ-ին կրճատումները պայմանավորված են վերակազմավորումներով, մասնավորապես գվարդիայի ստեղծման հետ, որի արդյունքում տարբեր սորաբաժանումներ կլուծարվեն։

Մանուկյանն էլ արձագանքեց. «Հալվա–հալվա ասելով բերանը չի քաղցրանում։

«Ինչքան էլ օգոստոսի 8 ասենք՝ դրանից բան չի փոխվում։ Շաբաթ օրը եղել եմ Գորիսի տարածաշրջանում, նույն առաջնագիծն է, նույն մարտական հերթապահությունը, դեռ ավելին՝ միշտ կահավորման անհրաժեշտություն ունեցող։ Այսինքն, այնպես չի, որ օգոստոսի 8-ից հետո այդ դիրքերը չկան, միջազգային կազմակերպությունը չգիտեմ, ինչ են հաշվարկում, բայց իրականությունը այլ է, անցնում ես Ջերմուկով՝ տեսնում ես օկուպացված տարածքներև այլն»,-ասաց Մանուկյանը։