Կոնգրեսի բյուջետային վարչությունը ենթարկվել է կիբեռհարձակման, որը, ենթադրաբար, կատարվել է արտասահմանից։ Այս մասին տեղեկացրել է The Washington Post (WP) թերթը։
Թերթի աղբյուրների խոսքով՝ հաքերները, հնարավոր է, ձեռք են բերել «Կոնգրեսի կողմից օրենքներ մշակելիս օգտագործվող հիմնական ֆինանսական տեղեկատվության» չարտոնված հասանելիություն։ Խոսքը, մասնավորապես, ԱՄՆ օրենսդիրների եւ անկախ հետազոտողների գրասենյակների միջեւ նամակագրության մասին է։
Գրոհը բացահայտվել է վերջին մի քանի օրերին։ Հրապարակման մեջ նշվել է, որ ԱՄՆ պաշտոնյաները կարծում են, որ տեղեկատվությունը գրոհի հետեւանքով կարող են ստանալ այն երկրների իշխանությունները, որոնց Վաշինգտոնը համարում է հակառակորդներ։
Կոնգրեսի բյուջետային վարչությունը ԱՄՆ օրենսդիր մարմնի կազմում գործող դաշնային գործակալություն է, որն օրենսդիր մարմնին տրամադրում է տնտեսական տեղեկատվություն, գնահատականներ եւ կանխատեսումներ։





























