ԱՄՆ արդարադատության նախարարությունը հակակոռուպցիոն հետաքննություն է սկսել Վաշինգտոնի քաղաքապետ Մյուրիել Բոուզերի նկատմամբ՝ կապված նրա արտասահմանյան ուղեւորության հետ, որը, ըստ նախարարության, ֆինանսավորվել է Կատարի կողմից: Այս մասին հայտնել է The New York Times (NYT) թերթը՝ հղում կատարելով աղբյուրներին:

Նրանց տեղեկացմամբ՝ հետաքննությունը շարունակվում է մի քանի ամիս եւ կապված է քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենքների եւ կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրության հնարավոր խախտումների հետ: Կաշառակերության մեղադրանք առաջադրելու համար անհրաժեշտ է պարզել, թե արդյոք քաղաքապետը երբեւէ գործել է Կատարի անունից: Թերթը նշել է, որ դրա վերաբերյալ դեռեւս ապացույցներ չկան:

Քաղաքապետարանի գրասենյակը NYT-ին հայտնել է, որ տեղյակ չէ հետաքննության մասին: «Դա գործնական ուղեւորություն էր: Վաշինգտոնի պաշտոնյաները պարբերաբար կատարում են նման ուղեւորություններ՝ Վաշինգտոնը որպես ներդրումների եւ աճի վայր գովազդելու համար»,- մեջբերել է թերթը քաղաքապետարանի գրասենյակի մեկնաբանությունները:

Բոուզերը դեմոկրատ է եւ Վաշինգտոնի քաղաքապետն է 2015-ից: 2023թ․ նա եւ իր չորս աշխատակիցներ այցելել են Դուբայ՝ մասնակցելու ՄԱԿ Կլիմայի փոփոխության համաժողովին՝ հյատնելով, որ ուղեւորությունը ֆինանսավորել է ԱՄՆ Քաղաքապետերի կոնֆերանսը: Ավելի ուշ պարզվել է, որ կազմակերպությունը միայն մասամբ է ֆինանսավորել ԱՄԷ այցը, եւ որ Վաշինգտոնի ղեկավարը Դուբայ է մեկնել Դոհայից: The New York Times»-ը հավաստիացրել է, որ Կատարը Բոուզերի Դոհա կատարած այցի համար ավելի քան 61 հազար դոլար է հատկացրել: