ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն կարող է դառնալ Հանրապետական ​​կուսակցության փոխնախագահի թեկնածուն 2028թ․ ընտրություններում։ Այս մասին Politico թերթին հայտնել է Վաշինգտոնի վարչակազմի աղբյուրը։

Նրա խոսքով, եթե գործող փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դառնա նախագահի թեկնածու, Ռուբիոն կարող է առաջադրվել որպես փոխնախագահի թեկնածու։ Ինչպես նշել է պաշտոնյան, «ակնկալվում է, որ Ջեյ Դին կլինի [նախագահի], իսկ Ռուբիոն՝ փոխնախագահի թեկնածուն»։

Միեւնույն ժամանակ, ԱՄՆ վարչակազմի տվյալներով՝ Ռուբիոն Վենսին համարում է ԱՄՆ ներկայիս առաջնորդ Դոնալդ Թրամփի ամենահավանական հաջորդը 2028թ․ ընտրություններում եւ աջակցում է նրա հնարավոր թեկնածությանը։ «Մարկոն շատ հստակ հայտնել է, որ Ջեյ Դին կլինի հանրապետական ​​թեկնածուն, եթե ցանկանա։ Նա կանի ամեն ինչ իր ուժերի սահմաններում, որպեսզի աջակցի փոխնախագահին այս ջանքերում»,- թերթին ասել է անանուն ամերիկացի պաշտոնյան։

Թրամփը, խոսելով իր հավանական հաջորդների մասին, նախկինում աջակցություն էր հայտնել ե՛ւ Վենսին, ե՛ւ Ռուբիոյին։ ԱՄՆ նախագահը վստահեցրել է, որ չունի երրորդ նախագահական ժամկետի ձգտելու մտադրություն, չնայած հնարավոր է համարել դա։ ԱՄՆ Սահմանադրության 22-րդ փոփոխությունը, որն ընդունվել է 1951թ․, սահմանափակում է ԱՄՆ նախագահի պաշտոնավարումը երկու ժամկետով։