Վերջերս տարածաշրջանում տեղի բնակիչների և գորշ ու հիմալայան արջերի միջև բախումները գնալով ավելի հաճախակի են դարձել, որոնք երբեմն հանգեցնում են մահվան։ Արջերի հետ բախումների ավելի շատ դեպքեր են տեղի ունեցել ձմեռային քնի սեզոնի նախաշեմին, երբ արջերը սկսել են ակտիվորեն սնունդ փնտրել, գրում է ABC News-ը։

Տեղացի բնակիչներն արջեր են տեսել դպրոցների, երկաթուղային կայարանների, սուպերմարկետների և տաք աղբյուրներով հանգստավայրի մոտակայքում։

Շրջակա միջավայրի նախարարության տվյալներով՝ հոկտեմբերի վերջին Ճապոնիայում արջերի հարձակումներից ավելի քան 100 մարդ էր վիրավորվել, որոնցից 12-ը մահացել էր։ Կենդանիներն ամենից հաճախ ներխուժում են արագ ծերացող և նվազող պոպուլյացիաներով տարածքներ, հայտնել է Naked Science-ը։ Ավելին, տեղի բնակիչներից քչերն են մարզված արջերի նման խոշոր կենդանիներ որսալու համար։

Ճապոնիայի կառավարության գնահատականով՝ երկրում արջերի ընդհանուր պոպուլյացիան գերազանցում է 54 հազարը։

Ակիտա պրեֆեկտուրան և Պաշտպանության նախարարությունը համաձայնագիր են ստորագրել զինվորների տեղակայման վերաբերյալ։ Զինվորները կտեղադրեն սննդի թակարդներ, կուղեկցեն տեղացի որսորդներին և կօգնեն սատկած կենդանիներից ազատվելու հարցում։ Պաշտոնյաները մանրամասնել են, որ զինվորներն անմիջականորեն չեն մասնակցի արջերի սպանդին։

«Արջերն ամեն օր ներխուժում են տարածաշրջանի բնակելի տարածքներ, և նրանց ազդեցությունը մեծանում է։ Արջերի խնդրին արձագանքելը հրատապ հարց է»,- ընդգծել է կաբինետի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆումիտոշի Սատոն։

Գործողությունը սկսվել է Կազունո քաղաքի անտառապատ տարածքում, որտեղ գրանցվել է արջերի հետ բախումների ամենաբարձր թիվը։ Զինվորներն արդեն արջերի թակարդներ են տեղադրել պտղատու այգիներում։

Մայիսից ի վեր Ակիտա պրեֆեկտուրայում արջերը հարձակվել են ավելի քան 50 մարդու վրա՝ սպանելով չորսին։ Մասնագետները նշում են, որ հարձակումների մեծ մասը տեղի է ունեցել բնակելի տարածքներում։

Անցյալ շաբաթավերջին Յուզավա քաղաքի մի տարեց կնոջ մահացած են գտնել. Նա գնացած էր եղել անտառում սունկ հավաքելու։ Հոկտեմբերի վերջին ֆերմայում աշխատելիս մեկ այլ կին մահացել է արջի ճանկերից։ Մի քանի օր առաջ թերթերի առաքիչը հարձակման է ենթարկվել և վիրավորվել, բայց ողջ է մնացել։

Նոյեմբերի 5-ին Ակիտա քաղաքի բնակչուհին իր այգում տեսել է երկու արջի, որոնք հասուն խուրմա էին վայելում։ Կինը փակվել է տանը, քանի դեռ արջերը մոտ 30 րոպե թափառում էին բնակչի բակում։

Լքված թաղամասերը և խուրմայի կամ շագանակենիներով գյուղատնտեսական հողերը հաճախ արջերին գրավում են ու մղում դեպի բնակելի տարածքներ։ Մասնագետները նշում են, որ երբ արջերը սնունդ են գտնում, նրանք կրկին ու կրկին վերադառնում են։