Թրամփի վարչակազմի ներմուծման մաքսատուրքերի աներևակայելիորեն բարդ համակարգը բարձրացնում է ամերիկյան ընկերությունների ծախսերը և բազմաթիվ խնդիրներ ստեղծում դրանց կառավարման համար։ Այս մասին հաղորդում է Politico-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ըստ պարբերականի տվյալների՝ ամենատարբեր ընկերություններ «դժվարությամբ են պահպանում ամերիկյան նախագահի «բյուզանդական» մաքսային ռեժիմը, ինչը հանգեցնում է ծախսերի աճի և զրոյացնում որոշների համար կորպորատիվ հարկի նվազեցումից ստացվող օգուտները, որոնք հավանության են արժանացել հանրապետականների կողմից տարվա սկզբին»։ Տեղի է ունեցել ԱՄՆ 10-ամյա մաքսային կոդեքսի համակարգի փոխարինումը, որը նախատեսում էր գրեթե բոլոր երկրների համար նույն մաքսատուրքերը, զգալիորեն ավելի բարդ համակարգով, որն ունի բազմաթիվ տարբեր մաքսատուրքեր՝ կախված ներմուծվող ապրանքների ծագումից։
Սպառողական տեխնոլոգիաների ասոցիացիայի (CTA) ղեկավար Գերի Շապիրոյի (որը միավորում է 1,3 հազար ընկերություն, ներառյալ Amazon-ը, Walmart-ը և AMD-ն) խոսքով՝ այս տարին «հոգնեցուցիչ է եղել երկրի ընկերությունների ղեկավարների մեծ մասի համար»։ Նրա խոսքով, պարզապես բեկումնային է եղել «դրա մեջ ներդրված աշխատանքային ժամանակի տևողությունը»։ «Ընկերությունների ղեկավարների բոլոր հարցումները ցույց են տալիս, որ դա նրանց ամենամեծ խնդիրն է», - հավելել է Շապիրոն։
Առևտրային կանոնակարգերի տարածումը և ավելի խիստ վերահսկողության սպառնալիքը ստիպել են բազմաթիվ ընկերություններին ավելացնել իրենց աշխատուժը և տասնյակ միլիոնավոր դոլարներ ծախսել Թրամփի պահանջները կատարելու համար: Ժամանակն ու ծախսերը, զուգորդված տասնյակ միլիարդավոր դոլարների բարձր մաքսատուրքերի հետ, որոնք ընկերությունները վճարում են ամեն ամիս ներմուծվող ապրանքների համար՝ «հսկայական բեռ են ներկայացնում արդյունաբերության համար», - նշվում է հաղորդագրության մեջ:
Ինչպես երևում է աուդիտորական «KPMG» ընկերության վերջին հարցումից, ընկերությունների ղեկավարների 89%-ը ակնկալում է, որ մաքսատուրքերը զգալի ազդեցություն կունենան իրենց բիզնեսի արդյունավետության և գործունեության վրա՝ առաջիկա երեք տարիների ընթացքում, իսկ 86%-ը հայտարարել է, որ անհրաժեշտության դեպքում նախատեսում է արձագանքել դրանց՝ բարձրացնելով իրենց ապրանքների և ծառայությունների գները։
Politico-ն գրում է, որ փոքր բիզնեսի սեփականատերերը բավականին ընկճված տրամադրություն ունեն։ «Մենք այլևս գումար չենք ներդնում ապրանքային նորարարությունների մեջ, չենք ներդնում նոր աշխատակիցների մեջ, չենք ներդնում աճի մեջ, այլ պարզապես գումար ենք ծախսում՝ փորձելով պահպանել մեր դիրքերը», - հայտարարել է Քեսի Աբելը՝ Wild Rye ընկերության (Այդահոյի ընկերություն, որը վաճառում է կանացի հագուստ) հիմնադիր և գործադիր տնօրենը։




























