Սաուդյան Արաբիան հույս ունի ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքել՝ թագավորության միջուկային էներգիայի ոլորտը զարգացնելու և ամերիկյան քաղաքացիական միջուկային տեխնոլոգիաներին հասանելիություն ապահովելու համար։ Դրա մասին գրում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։
Էր Ռիադի՝ ամերիկյան տեխնոլոգիաներին հասանելիություն ստանալու մտադրությունը կապված է թագավորության՝ իր էներգետիկ ոլորտը դիվերսիֆիկացնելու և արհեստական բանականության տեխնոլոգիաներ զարգացնելու ծրագրերի հետ, որոնք ներառում են էներգախնայող մեծ տվյալների կենտրոնների կառուցում։ Այդ կապակցությամբ, Սաուդյան Արաբիան ձգտում է նաև ԱՄՆ հաստատմանը՝ երկիր ամենաժամանակակից համակարգչային չիպերը մատակարարելու համար։ Միացյալ Արաբական Էմիրություններն ավելի վաղ այդ չիպերին հասանելիություն են ստացել համաձայնագրի շրջանակում։ Սեփական միջուկային ծրագրի մշակումը նաև կամրապնդի Սաուդյան Արաբիայիի հետ մրցակցելու կարողությունը։
Ինչպես նշում է Reuters-ը, ամերիկյան միջուկային տեխնոլոգիաների մատակարարման վերաբերյալ բանակցությունները բարդանում են թագավորության կողմից ուրանի հարստացման և միջուկային վառելիքի վերամշակման հնարավորությունները սեփական հողի վրա պահպանելու համառությամբ։ Միացյալ Նահանգները, իր հերթին, դեմ է այս դիրքորոշմանը, քանի որ այն տեսականորեն հարթում է միջուկային զենքի մշակման ճանապարհը։ ԱՄՆ Պետքարտուղարության քաղաքականության ծրագրման նախկին տնօրեն և Վաշինգտոնի Մերձավոր Արևելքի քաղաքականության ինստիտուտի գիտաշխատող Դենիս Ռոսի կարծիքով Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամմեդ բին Սալմանի ԱՄՆ այցից հետո երկու կողմերն էլ կհայտարարեն միջուկային համաձայնագրի կամ առնվազն բանակցություններում առաջընթացի մասին։
Մուհամմեդ բին Սալմանը 2018 թվականից ի վեր առաջին անգամ Նոյեմբերի 18-ին կայցելի Վաշինգտոն։ Bloomberg-ը հայտնել է, որ Էր-Ռիադը ԱՄՆ-ից անվտանգության երաշխիքներ է ցանկանում, նման այն երաշխիքներին, որոնք ավելի վաղ տրամադրվել էին Կատարին։ Սեպտեմբերի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է գործադիր հրամանագիր, որով նախատեսվում է, որ Վաշինգտոնը Կատարի տարածքի, ինքնիշխանության և հիմնական ենթակառուցվածքների դեմ ցանկացած զինված հարձակում կհամարի սպառնալիք ԱՄՆ խաղաղության և անվտանգության համար։ Ամերիկյան լրատվամիջոցները հայտնել են նաև, որ Սաուդյան Արաբիան մտադիր է F-35 կործանիչների գնման շուրջ բանակցություններ վարել ԱՄՆ-ի հետ։





























