ԱՄՆ Կրթության նախարարության քարտուղար Լինդա ՄըքՄահոնը հայտարարել է, որ դաշնային կառավարության աշխատանքի ռեկորդային երկարատև դադարեցումը հաստատեց գերատեսչության լուծարման նպատակահարմարությունը։
«Կառավարության աշխատանքի 43-օրյա դադարեցումը, որը տեղի ունեցավ աշնանային կիսամյակի կեսին, յուրաքանչյուր ընտանիքի ցույց տվեց, թե որքան ավելորդ է դաշնային կրթական բյուրոկրատիան։ Սաները շարունակեցին հաճախել դասերի, ուսուցիչները շարունակեցին ստանալ աշխատավարձ, մարզական մրցումների կամ ավտոբուսային երթևեկության խափանումներ չեղան»,- USA Today-ի հոդվածում գրել է ՄըքՄահոնը։
Նա նշել է, որ պատմականորեն ԱՄՆ-ում կրթության ֆինանսավորումը և կազմակերպումը նահանգների պատասխանատվությունն է եղել։ Նրա համոզմամբ՝ 1979 թվականին ստեղծված գերատեսչությունն, ըստ էության, միջոցների բաշխման գերատեսչություն է և բյուրոկրատական բեռի լրացուցիչ աղբյուր։ Կրթության նախարարության աշխատանքի դադարեցումը չի նշանակի համալսարանների և դպրոցների դաշնային ֆինանսական աջակցության ավարտ, այլ կվերջ դնի «կենտրոնացված բյուրոկրատիային, որը պատասխանատվություն է կրում նրահամար, ինչը պետք է լինի նահանգների առանձնաշնորհը»։
«Մենք վճռականորեն տրամադրված ենք կատարել կրթությունը նահանգներ վերադարձնելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի խոստումը»,- հավելել է ՄըքՄահոնը։
2025 թվականի մարտի 20-ին Թրամփը ստորագրեց գործադիր հրամանագիր՝ Կրթության նախարարության լուծարումը սկսելու մասին: Հուլիսին ԱՄՆ Գերագույն դատարանը նախագահին թույլատրեց իրականացնել հրամանագրի հիմնական դրույթները: Սակայն, ինչպես նշել է The Hill-ը, գերատեսչության լիակատար լուծարումը հնարավոր է միայն Կոնգրեսի մակարդակով, քանի որ հենց օրենսդիր մարմինն էր, որը հիմնադրել է գործակալությունը 1979 թվականին:
ԱՄՆ դաշնային կառավարության աշխատանքի մասնակի դադարեցումը սկսվեց հոկտեմբերի 1-ի կեսգիշերին՝ ֆինանսավորման բացակայության պատճառով, քանի որ Կոնգրեսում իշխող հանրապետական և ընդդիմադիր դեմոկրատական կուսակցությունների անդամները չկարողացան համաձայնության գալ մի շարք ծախսերի, դրանց թվում՝ առողջապահության ոլորտի վերաբերյալ: Նոյեմբերի 12-ի երեկոյան Թրամփը ստորագրեց օրենք, որով դաշնային կառավարության ֆինանսավորումը շարունակվում էր մինչև 2026 թվականի հունվարի 30-ը: Այսպիսով, ԱՄՆ պատմության մեջ ռեկորդային աշխատանքի դադարեցումը 43-րդ օրը ավարտվեց:





























