ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի (ԱԽ) կողմից ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածի վերաբերյալ խաղաղության ծրագրին աջակցող ամերիկյան բանաձևի նախագծի ընդունումը կարևոր քայլ է դարձել անկլավի նկատմամբ իշխանությունը պաղեստինյան ժողովրդին հանձնելու ճանապարհին։
«ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևը, որը սատարում է նախագահ Թրամփի 20 կետանոց խաղաղության ծրագրին, պատմական հանգրվան է խաղաղ և բարգավաճ Գազայի հատված կառուցելու ճանապարհին, որը կկառավարվի պաղեստինյան ժողովրդի, այլ ոչ թե ՀԱՄԱս-ի կողմից», - գրել է Ռուբիոն X-ում։
Նա նաև հավելել է, որ ընդունված փաստաթուղթը հնարավորություն է տվել հնարավորինս մոտենալ «Գազայի ապառազմականացմանը, ապառադիկալացմանը և կայունացմանը»։
Ավելի վաղ ՄԱԿ-ի ԱԽ-ն ընդունել էր ամերիկյան բանաձևի նախագիծը՝ ի աջակցություն Գազայի հատվածի վերաբերյալ Վաշինգտոնի վարչակազմի ղեկավարի խաղաղության ծրագրին։ Փաստաթղթի օգտին քվեարկել էին ՄԱԿ-ի ԱԽ-ի 15 անդամներից 13-ը, Ռուսաստանն ու Չինաստանը ձեռնպահ էին մնացել։ Համաշխարհային կազմակերպությունում Ռուսաստանի մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան երկուշաբթի օրը բանաձևի քվեարկությունից հետո հայտարարել է, որ խաղաղապահ նախաձեռնության հաջողությունը հնարավոր կլինի գնահատել այն բանով, թե որքանով կհաջողվի իրականում «ապահովել կայուն խաղաղություն, որտեղ Իսրայելը և Պաղեստինը կողք կողքի կապրեն խաղաղության և անվտանգության մեջ՝ 1967 թվականի սահմաններով, իսկ Երուսաղեմը կդառնա երկու պետությունների մայրաքաղաք՝ համաձայն ՄԱԿ-ի ԱԽ-ի և Գլխավոր Ասամբլեայի բանաձևերի, միջազգային իրավունքի նորմերի և ավելի վաղ կնքված համաձայնագրերի»։





























