ԱՄՆ վարչակազմում սպասում են, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կընդունի Վաշինգտոնի մշակած խաղաղության պլանը մինչեւ Երախտագիտության օրը, որն այս տարի նշվելու է նոյեմբերի 27-ին, Financial Times-ին (FT) տեղեկացրել են բանակցություններին ծանոթ ուկրաինացի պաշտոնյաները։ Նրանց խոսքով՝ դրանից հետո ամերիկացի պաշտոնատար անձինք պատրաստվում են խաղաղության համաձայնագիրը ներկայացնել Մոսկվայում, որպեսզի ավարտվի հակամարտության կարգավորման գործընթացը մինչեւ դեկտեմբերի սկիզբ։ Սակայն Ուկրաինայի նախագահի գրասենյակում կարծում են, որ դա այդ ժամկետում կատարել չի հաջողվի, քանի որ ԱՄն պլանում կան մի քանի կետեր, որոնք Կիեւի համար «կարմիր գծեր» են համարվում։ FT-ի զրուցակիցներն ավելացրել են, որ աշխատում են հանդիպակաց առաջարկների վրա, որոնք շուտով կներկայացվեն ամերիկյան կողմին։
Նոյեմբերի 20-ին Զելենսկին հանդիպել է ԱՄՆ ցամաքային զորքերի նախարար Դենիել Դրիսքոլի հետ։ Axios-ի տվյալներով՝ վերջինը Ուկրաինայի նախագահին է հանձնել խաղաղության պլանը եւ պայմանավորվել դրա ստորագրման «ագրեսիվ պլանի» շուրջ։ Զելենսկին համաձայնել է աշխատել փաստաթղթի դրույթների վրա՝ պատերազմն ավարտելու համար՝ նշելով «սկզբունքային հիմքերը, որոնք կարեւոր են Ուկրաինայի ժողովրդի համար»։ «Մենք աղմկալի հայտարարություններ չենք անի եւ տրամադրված ենք հստակ, ազնիվ աշխատանքի՝ Ուկրաինան, Միացյալ Նահանգները եւ մեր բարեկամները եւ գործընկերները Եվրոպայում եւ աշխարհում»,- նշել է Ուկրաինայի նախագահը Դրիսքոլի հետ հանդիպումից հետո։
Ավելի ուշ Ուկրաինայի պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն հրապարակել է ԱՄՆ խաղաղության պլանը, որը բաղկացած է 28 կետից։ Այն ենթադրում է, որ Ղրիմը, Լուգանսկը եւ Դոնեցկը դե-ֆակտո կճանաչվեն ռուսական տարածքներ, Կիեւը զորքերը դուրս կբերի Դոնեցկի մարզի չօկուպացված մասից, իսկ Զապորոժիեի եւ Խերսոնի մարզերում կողմերը կսառեցնեն մարտական գործողությունները շփման գծում։ Ուկրաինան նաեւ իր սահմանադրության մեջ կամրագրի ՆԱՏՕ-ին միանալու իր մերժումը, կսահմանափակի Ուկրաինայի զինված ուժերի թվաքանակը մինչեւ 600 հազար մարդ եւ կարգելի ՆԱՏՕ զորքերի տեղակայումը երկրում: Ռուսաստանի դեմ պատժամիջոցները աստիճանաբար կվերացվեն, եւ Մոսկվան կվերականգնվի «Մեծ ութնյակում» (G8)։
Բացի այդ, ԱՄՆ-ը եւ Եվրոպան կաշխատեն Ուկրաինայի վերականգնման ուղղությամբ՝ օգտագործելով ռուսական սառեցված 100 միլիարդ դոլարի ակտիվներ եւ սեփական ներդրումներ: Կիեւը կստանա անվտանգության երաշխիքներ ԱՄՆ-ից, իսկ Մոսկվան օրենքով կամրագրի Եվրոպայի եւ Ուկրաինայի դեմ չհարձակման քաղաքականությունը: Համաձայնագրի ստորագրումից 100 օր անց Ուկրաինայում կանցկացվեն նաեւ նախագահական ընտրություններ։
Axios-ի տվյալներով՝ Թրամփի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը աշխատել է առաջարկվող խաղաղության ծրագրի վրա: Նա նաեւ խորհրդակցել է Ռուսաստանի նախագահի արտասահմանյան երկրների հետ ներդրումների եւ տնտեսական համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիեւի հետ: Դմիտրիեւը հաստատել է իր մասնակցությունը խաղաղության ծրագրին՝ բարձր գնահատելով դրա հաջողության հնարավորությունները: «Մենք զգում ենք, որ Ռուսաստանի դիրքորոշումն իսկապես լսվում է», ասել է Դմիտրիեւը։





























