Բրազիլիայի իշխանությունները ողջունում են ԱՄՆ-ի կողմից որոշակի գյուղատնտեսական ապրանքների 40 տոկոս մաքսատուրքի վերացումը, սակայն մտադիր են հասնել Վաշինգտոնի կողմից մնացած կատեգորիաների ապրանքների ներմուծման մաքսատուրքերի վերացմանը: Այս մասին հայտարարել է Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը։

Բրազիլիայի արտաքին գործերի նախարարությունը հաստատել է, որ ԱՄՆ-ը վերացրել է 40 տոկոս մաքսատուրքերը «որոշակի տեսակի մսի, սուրճի», մրգերի, ինչպիսին են մանգոն, կոկոսը եւ անանասը, ինչպես նաեւ այլ մշակաբույսերի համար: «Բրազիլիայի ղեկավարությունը ողջունել է ԱՄՆ կառավարության որոշումը՝ վերացնելու որոշակի գյուղատնտեսական ապրանքների ներմուծման վրա լրացուցիչ 40 տոկոս մաքսատուրքը»,- նշվել է նախարարության մամուլի ծառայության հայտարարության մեջ: «Բրազիլիան կշարունակի բանակցությունները ԱՄՆ-ի հետ՝ մնացած ապրանքների վրա երկկողմ առեւտրի մնացած հոդվածից լրացուցիչ մաքսատուրքերը վերացնելու համար»։

Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր, որով նվազեցվել էին Բրազիլիայից ներմուծվող որոշակի գյուղատնտեսական ապրանքների մաքսատուրքերը: Մինչ այդ՝ նոյեմբերի 14-ին, Սպիտակ տունը հրապարակել էր մեկ այլ հրամանագիր, որով տասնյակ մրգեր, բանջարեղեններ, ընկույզը, սուրճը եւ թեյը, ինչպես նաեւ տավարի միսն ազատվում էին այլ երկրներից ներմուծման վրա նախկինում սահմանված 10 տոկոս համընդհանուր մաքսատուրքերից: The New York Times թերթի տեղեկացմամբ՝ Վաշինգտոնի վարչակազմը որոշել է դա անել ԱՄՆ-ում սննդամթերքի գների աճի պատճառով։