Չինաստանի և ԱՄՆ-ի զինված ուժերը նոյեմբերի 18-20-ը Հավայան կղզիներում (ԱՄՆ) անցկացրել են աշխատանքային խմբի 2025 թվականի երկրորդ նիստը և ծովային ռազմական անվտանգության հարցերով մեխանիզմի տարեկան խորհրդակցությունը։ Այս մասին շաբաթ օրը հայտնել են Չինաստանի ռազմածովային ուժերը (ՌԾՈւ)։
Կողմերը հավասարության և հարգանքի հիման վրա անկեղծ և կառուցողական մտքեր են փոխանակել հիմնականում Չինաստանի և ԱՄՆ-ի ծովային ու օդային անվտանգության իրավիճակի վերաբերյալ,- ասվում է Չինաստանի ՌԾՈւ հայտարարության մեջ, հայտնում է «Սինխուա»-ն։
Նրանք դիտարկել են ծովային և օդային տարածքում երկու երկրների ԶՈւ շփումների բնորոշ դեպքերը, գնահատել նման շփումների անվտանգության ապահովման վարքագծի կանոնների պահպանումը, ինչպես նաև քննարկել երկու երկրների միջև ռազմածովային անվտանգության մակարդակի բարձրացման միջոցառումները,- ասվում է հայտարարության մեջ։
Երկու բանակների ներկայացուցիչները մտքեր են փոխանակել նաև աշխատանքային խմբի 2026 թվականի նիստի թեմաների շուրջ։
Հայտարարության մեջ ասվում է, որ կողմերը համակարծիք են եղել, որ ծովային ռազմական անվտանգության հարցերով խորհրդակցությունների մեխանիզմն օգնում է երկու երկրների զինված ուժերի առաջապահ ստորաբաժանումներին ավելի պրոֆեսիոնալ և անվտանգ իրականացնել փոխգործակցությունը, նվազեցնել թյուրիմացությունները, խուսափել սխալ դատողություններից և կառավարել ռիսկերն ու ճգնաժամերը։
Չինական կողմը վերահաստատել է իր վճռական բողոքը Չինաստանի ինքնիշխանության և անվտանգության խաթարմանն ուղղված ցանկացած գործողության դեմ՝ նավարկության կամ թռիչքների ազատության պատրվակով։
Չինաստանը նաև վճռականորեն դեմ է հանդես գալիս իր դեմ ուղղված ինքնիշխանության խախտումներին, սադրանքներին կամ մերձակա հետախուզությանը։ Երկիրը կշարունակի անշեղորեն պաշտպանել իր պետական տարածքային ինքնիշխանությունը և ծովային իրավունքներն ու շահերը օրենքին և կանոններին համապատասխան, ինչպես նաև ապահովել խաղաղությունը, կայունությունն ու բարգավաճումը տարածաշրջանում,- ասվում է հայտարարության մեջ։