Բելգիային սպառնում է դպրոցների փակում և երկաթուղային ու ավիահաղորդակցության խափանումներ, քանի որ արհմիությունները կոչ են անում երկուշաբթիից սկսել երեքօրյա գործադուլ՝ ի նշան բողոքի կառավարության առաջարկած ծախսերի կրճատման և աշխատանքային օրենսդրության փոփոխությունների դեմ, հայտնում է AFP-ն։
Գործադուլները ընթանում են երեք ալիքով․ երկուշաբթիից դադարել է գնացքների և հասարակական տրանսպորտի աշխատանքը։ Ազգային երկաթուղային ընկերությունը SNCB-ն նախատեսում է որոշ գծերում գործարկել երեքից միայն երկու կամ մեկ գնացք։
Մի քանի Eurostar-ի չվերթներ, որոնք կապում են Բրյուսելը Փարիզի հետ, արդեն չեղարկվել են։ Երեքշաբթի գործադուլին միանալու են պետական ծառայությունները՝ դպրոցներ, մանկապարտեզներ և հիվանդանոցներ։ Արհմիությունները կոչ են արել չորեքշաբթի օրը անցկացնել համընդհանուր գործադուլ բոլոր ոլորտներում։ Այդ օրը երկրի երկու խոշոր օդանավակայաններում՝ Բրյուսել-Զավենտեմում և Շարլերուայում, չվերթներ չեն սպասվում։
Գործադուլը հայտարարել են Բելգիայի հիմնական արհմիությունները, որոնք հակասության մեջ են վարչապետ Բարտ Դե Վևերի հետ՝ երկրի պարտքը կրճատելու նրա ջանքերի պատճառով։ Պաշտոնում փետրվարից գտնվող ֆլամանդացի պահպանողականը փորձում է իրականացնել խիստ խնայողության լայնածավալ միջոցառումներ՝ ներառյալ աշխատանքի շուկայի ազատականացումը, գործազրկության նպաստների և կենսաթոշակների փոփոխությունները։
Առայժմ Դե Վևերի առաջարկած միջոցներից իրականացվել է միայն փոքր մասը՝ հիմնականում նրա հնգակուսակցական կոալիցիայի ներքին տարաձայնությունների պատճառով։ Վարչապետը կոալիցիային ժամանակ է տվել մինչև Սուրբ Ծնունդ՝ համաձայնության գալու համար, այդ թվում՝ ծախսերի կրճատման հարցում, որպեսզի ծածկվի ռազմական բյուջեի ավելացումը։ Գործադուլը նպատակ ունի ճնշում գործադրել բանակցող կողմերի վրա։
«Սա կոչ է վարչապետ Դե Վևերին և ամբողջ կառավարությանը՝ դադարեցնել սոցիալական ծրագրերի կրճատումը», — նշվում է արհմիությունների հայտարարությունում։




























