Առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու ցանկություն ունեցող բոլոր քաղաքական ուժերի բանավեճի հրավերն ի սկզբանե ընդունել եմ։ Այս մասին նոյեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Միասնության թևեր» շարժման առաջնորդ Արման Թաթոյանի կողմից իր հետ բանավիճելու հրավերի մասին հարցին։

Նա բացատրել է, որ ընտրությունների ժամանակ (նկատի ունենալով նախընտրական քարոզարշավը՝ խմբ.) ինքը նրանց հետ կբանավիճի ուղիղ եթերում։ Փաշինյանը հավելել է, որ ընտրությունները կբացահայտեն, թե ով ինչ շանսեր ունի հաղթելու համար։

Նա վստահեցրել է, որ պաշտոններ չի բաշխում ընտրյալ պաշտոնյաներին։ Փաշինյանը նշել է, որ համայնքային ղեկավարներն ընտրվում են տեղի բնակիչների կամքի ազատ արտահայտման միջոցով, այդ թվում՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակից։

Վարչապետը հիշեցրել է, որ բազմաթիվ դեպքեր կան, երբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների նկատմամբ կատարվել են քրեական դատավարական գործողություններ, կայացվել են դատավճիռներ։ Ըստ նրա՝ ոչ մի քննիչ կամ դատախազ ոչնչով սահմանափակված չէ որևէ հանցագործության բացահայտման գործում։ «Եթե որևէ մեկն ասի, որ նման սահմանափակումներ կան, ուրեմն ստում է», - եզրափակել է նա։