Այսօր՝ նոյեմբերի 28–ի առավոտից Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի բակում ոստիկաններ են ծառայություն իրականացնում։

Քիչ առաջ ոստիկաններից մեկը տեսանկարահանեց Մայր Աոթռի ավտոկայանատեղիում կայանված ավտոմեքենաներից մեկի համարանիշը, որը, ամենայն հավանականությամբ, պատկանում է հոգեւորականներից մեկին։

Հոգևորականներից մեկը պատշգամբից նկատեց դա և դիտողություն արեց ու հարցրեց, թե ինչու է նկարում։  Նա հայտարարեց, որ ոստիկանը հատուկ առաքելությամբ է այդտեղ և թող հեռանա ավտոկայանատեղիի հատվածից ու այլևս չնկարի։ 

Ոստիկանը պատասխանեց, որ չի նկարում և հեռացավ։

Նշենք, որ այսօր Մայր աթոռում կայացել է Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը։ Ըստ տեղեկությունների՝ այնտեղ քննարկվել է երեկ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած Սրբազանների հարցը։

Հիշեցնենք՝ երեկ տարածվեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների ստորագրությամբ հայտարարություն, որով վերջիններս Վեհափառ Հայրապետից պահանջում էին, որ Արշակ Սրբազանը լքի Մայր Աթոռը։

Ըստ այդ հայտարարության՝ փորձաքննությամբ հաստատվել է Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութերի իսկությունը։

Դրանից հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հանդիպման է հրավիորւմ Սրբազան Հայրերին։ Հանդիպումը նույն օրը կայացավ։

Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպել են Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը, Տեր Առաքել արքեպիսկոպոս Քարամյանը, Տեր Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը, Տեր Անուշավան եպիսկոպոս Ժամկոչյանը, Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը, Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը, Տեր Արտակ եպիսկոպոս Տիգրանյանը, Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը։