Քեմբրիջի համալսարանի և Լայպցիգի Արևելյան Եվրոպայի պատմության և մշակույթի ինստիտուտի (GWZO) գիտնականները առաջեն քաշել մի վարկած, ըստ որի մոտ 1345 թվականին տեղի ունեցած հզոր հրաբխային ժայթքումը Եվրոպայի պատմության մեջ ամենամահացու համավարակներից մեկին՝ Սև մահվան բռնկմանը հանգեցրած իրադարձությունների շղթա է առաջացրել։ Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Communications Earth & Environment հանդեսում։
Գիտնականները վերլուծել են ծառերի բների օղակները և հորատանցքից հանված ապարների սառցե միջուկները (kern), որոնք բացահայտել են 1345-1347 թվականների ամառների անբնականորեն ցուրտ եղանակները։ Ժայթքման ժամանակ արտանետված հրաբխային փոշին և գազերն, ըստ ամենայնի, արգելափակել են արևի լույսը և ջերմաստիճանի կտրուկ անկում առաջացրել։ Դա, գիտնականների կարծիքով, Միջերկրական ծովում անբերության պատճառներից մեկն էր։
Սովի սպառնալիքի պատճառով հարուստ և խիտ բնակեցված իտալական քաղաքները ստիպված էին Սև ծովի տարածաշրջանից զանգվածաբար հացահատիկ ներմուծել։ Հացահատիկի փոխադրումները կատարվում էին ծովային առևտրային ուղիներով՝ Եվրոպա Yersinia pestis բակտերիայով վարակված լվեր բերելով։ Այդ մակաբույծները, որոնք սնվում էին կրծողների արյունով, վարակը փոխանցել են մարդկանց, ինչն, ըստ գիտնականների, կարող էր դառնալ համավարակի սկիզբը։
Կլիմայական շոկի, սննդային ճգնաժամի և ինտենսիվ ծովային առևտրի համընկնումը «կատարյալ փոթորիկ» է առաջացրել, որը ժանտախտին հնարավորություն է տվել սրընթաց կերպով տարածվել ամբողջ մայրցամաքով մեկ։ Այդպիսով պարզ է դառնում՝ ինչու է բռնկումը տարածվել ամբողջ Եվրոպայով մեկ 1348-1349 թվականներին և միլիոնավոր մարդկանց կյանքեր խլել։
Հետազոտողները զգուշացնում են, որ թեև գործոնների նման համադրությունները հազվադեպ են, կլիմայի փոփոխության և համաշխարհային առևտրի պատճառով (նախակենդանիներից, վիրուսներից, մանրէներից, սնկերից, ճիճուներից և մակաբուծային տզերից) մարդկանց փոխանցվող վարակիչ և մակաբուծային հիվանդությունների հարուցիչների տարածման վտանգը գլոբալացման պայմաններում ավելի է մեծանում։




























