Փարիզի կենտրոնում գտնվող Գրանդ Պալեում բացվել են Նոտր Դամի տաճարի նոր վիտրաժների լիարժեք չափի մոդելները, որոնք ստեղծվել են նկարչուհի Կլեր Տաբուրեի կողմից: «D'un seul souffle» («Մեկ շնչով») խորագրով ցուցահանդեսը կգործի 2025 թվականի դեկտեմբերի 10-ից մինչև 2026 թվականի մարտի 15-ը:

Յուրաքանչյուր մակետ ունի 7 մետր բարձրություն և 4 մետր լայնություն։ Ընդհանուր կոմպոզիցիան բաժանված է բեկորների՝ պատուհանային բացվածքների գծերով և յուրաքանչյուրը կախված է առանձին շրջանակի մեջ։ Ըստ նկարչուհու, որի խոսքերը մեջբերում է Գրան-Պալեի մամուլի ծառայությունը, նա փորձել է օգտագործել «հավասարակշռված, բայց վառ գունային գամմա», որը նույնական է եղել ճարտարապետ Էժեն Վիոլլե-լե-Դյուկի բնօրինակ վիտրաժներում առկա գամմայի հետ, որը վերականգնել էր տաճարը XIX դարի կեսերին։ Այս աշխատանքային խումբը ստեղծելու համար նկարչուհին ընտրել է մոնոտիպիայի տեխնիկան՝ տպագրական տեխնիկա, որը նա օգտագործում է արդեն երկար տարիներ։

Մակետների վրա պատկերված սյուժեները ոգեշնչված են Քրիստոնեական Հոգեգալուստ տոնով։ Մակետներից մեկի վրա պատկերված են աղոթք բարձրացնող մարդիկ, մյուսների վրա՝ ամպրոպային երկինք և քամուց ծռված ծառ, ինչպես «Սուրբ Առաքյալների գործեր» սյուժեներից մեկում։ Մնացած վիտրաժներում պատկերված են Աստվածամայրը, որը կանգնած է ամբոխի մեջ՝ դեպի երկինք բարձրացրած ձեռքերով, ինչպես նաև Սուրբ Հոգու իջնելը և մի խումբ երեխաների գլխավորությամբ հավատացյալների թափորը։ «Ես հիացած էի Փարիզի արքեպիսկոպոսի կողմից ընտրված Հոգեգալստյան թեմայի գեղեցկությամբ և պոետիկությամբ։ Համերաշխության այդ գաղափարը, այն գաղափարը, որ մարդիկ կարող են միավորվել և հասկանալ միմյանց՝ չնայած իրենց լեզուների բազմազանությանը, այդ վայրի հույսը, ես ուզում էի դրա մասը դառնալ»,— կիսվել է Թաբուրեն։

Ցուցադրելով իր աշխատանքները, ինչպես նաև բազմաթիվ էսքիզներ, գործիքներ և պլեքսիգլասի բեկորներ, որոնց վրա նա փորձեր էր կատարում նկարների կոմպոզիցիայի հետ, նկարչուհին ցանկանում է ցույց տալ նախապատրաստական աշխատանքի մանրամասները և ընդհանուր պատկերացում տալ այն մասին, թե ինչ տեսք կունենան ապագա վիտրաժները։ Մինչ նրանք գտնվում են Simon-Marq ապակեփչման արվեստանոցում պատրաստման գործընթացում, դրանց ավարտը և տաճարի հարավային ճակատին տեղադրումը սպասվում է 2026 թվականի դեկտեմբերին։ Թաբուրեի աշխատանքներին բաժին կընկնի տաճարի 120 վիտրաժների ընդհանուր մակերեսի 5%-ը, որոնք ստեղծվել են XII-ից մինչև XX դարերը։

2019 թվականի ապրիլի 15-ին տաճարում անհայտ պատճառներով հրդեհ է բռնկվել։ Հրդեհն ամբողջությամբ ոչնչացրել է փայտե տանիքը և սրաձողը, որը ընկել է քարե կամարի վրա և երեք տեղից ճեղքեկ այն։ Սրաձողի մի մասը այրվել է տաճարի հատակին։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարգադրել էր տաճարը վերականգնել հինգ տարվա ընթացքում։ 2024 թվականի դեկտեմբերի 7-ին տեղի է ունեցել վերականգնումից հետո տաճարի հանդիսավոր բացման արարողությունը՝ օտարերկրյա ղեկավարների մասնակցությամբ։ Վերականգնման բոլոր աշխատանքների ավարտը նախատեսված է 2029-ից մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածում։ Փարիզի գլխավոր եկեղեցու վերականգնման ընդհանուր ծախսերը նախնական գնահատվում են 850 միլիոն եվրո։