Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 11–ի նիստում հաստատեց «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը։

Հիմնավորման մեջ նշվում է, որ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել» (Concours Mondial de Bruxelles) գինիների միջազգային համտես-մրցույթը համարվում է իր ձևաչափով եզակի, աշխարհի ամենամեծ և հեղինակավոր մրցույթը, որը ունի 30 տարվա փորձ։ 2026թ․ մրցույթը հյուրընկալելու նպատակով բացի Հայաստանը, հայտ էին ներկայացրել նաև Վրաստանը, Ռումինիան, Մոլդովան։ Հաշվի առնելով մեր երկրի հարուստ գինեգործական և պատմամշակութային ժառանգությունը, ինչպես նաև վերջին տարիներին ոլորտի զարգացման աճի տեմպերը, միջազգային մեծամասշտաբ միջոցառումներ կազմակերպելու հնարավորությունները, մրցույթի կազմակերպիչները որոշում են կայացրել մրցույթը ՀՀ-ում անցկացնելու վերաբերյալ և ՀՀ կառավարության և Մոնդիալ դե Բրյուսել մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության միջև 2025 թվականի փետրվարի 1-ին կնքվել է հուշագիր։

Նախագծով առաջարկվում է՝

- Հաստատել «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես - մրցույթը Հայաստանի Հանրապետությունում անցկացնելու միջոցառումների ծրագիրը:

- Սահմանել, որ այս միջոցառման կազմակերպման աշխատանքների ընդհանուր համակարգումն իրականացնելու է «Հայաստանի խաղողագործության և գինեգործության» հիմնադրամը, որի համար վերջինս կառավարությունից կստանա 36 մլն դրամ, իսկ հաջորդ տարվա համար նաև 684 մլն դրամ։

Միջոցառումների ծրագրով նախատեսվում է նաև, որ Միջոցառման ավարտից հետո վեցամսյա ժամանակահատվածում Հիմնադրամի կողմից կիրականացվի մոնիթորինգ՝ միջոցառման արդյունքներն ու ազդեցությունները գնահատելու և Վարչապետի աշխատակազմ տեղեկատվություն տրամադրելու նպատակով։

Ծրագրի շահառուներն են լինելու հայկական գինեգործական ընկերությունները, զբոսաշրջային, հյուրընկալության, նորարարական տեխնոլոգիաների ոլորտների ներկայացուցիչները, կրթական և մշակութային հաստատությունները։

Միջոցառման կազմակերպման համար անհրաժեշտ ընդհանուր բյուջեն ըստ «Կոնկուրս Մոնդիալ դե Բրյուսել 2026» գինու միջազգային համտես -  մրցույթի կազմակերպիչ Վինոպրես (Vinopres S.A.) ընկերության կողմից ներկայացված գնային առաջարկի կազմում է 883 մլն 760 հազար դրամ։

Նախատեսվում է հյուրասիրությունների գերակշիռ մասը կազմակերպել Երևան քաղաքից դուրս։

Վինոպրես ընկերությունը կհոգա 400 հոգու (350 միջազգային փորձագետների և անձնակազմի)  ավիատոմսերի և գիշերակացի ծախսերի 50 տոկոսը, շուրջ 30 հազար շիշ գինու բեռնափոխադրման, համտեսի իրականացման համար անհրաժեշտ տեխնիկայի և այլ իրերի տրամադրման ծախսերը, ինչպես նաև կտրամադրի մասնագիտացված թիմ՝ աշխատանքները համակարգելու համար։ Վինոպրես ընկերության ընդհանուր ֆինանսական ներդրումը կազմում է շուրջ 250 մլն ՀՀ դրամ։