Նոր Զելանդիայի Օտագոյի համալսարանի գիտնականները պարզել են, որ վերարտադրողական ֆունկցիայի ճնշումը կարող է միջինում 10-20%-ով երկարացնել տարբեր տեսակների արուների և էգերի կյանքի տևողությունը։ Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։

Փորձագետներն իրենց եզրակացությանը հանգել են՝ հիմնվելով կենդանաբանական այգիներից և օվկիանարիումներից ստացված կաթնասունների 117 տեսակների մասին տվյալների վրա, հայտնում է Planet Today-ը։ Պարզվել է, որ մշտական հորմոնալ հակաբեղմնավորումը կամ վիրահատական ամլացումը երկարացնում են կյանքի տևողությունը 10-20%-ով։ Արդյունքը կախված է եղել պահպանման պայմաններից և բժշկական միջամտության տարիքից։ Այս տեղեկատվությունը հաստատվել է նաև ողնաշարավորների ամլացման վերաբերյալ նախկինում հրապարակված աշխատանքների մետաանալիզով։

Մասնագետներն այս արդյունքը բացատրում են նրանով, որ բազմացումը մեծ ֆիզիոլոգիական ծախսեր է պահանջում։ Արուների մոտ մահացության նվազեցման կարևոր գործոն է դառնում էգերի համար մրցակցելու անհրաժեշտության բացակայությունը՝ վերարտադրողական ֆունկցիայի ճնշման ֆոնին։ Էգերի մոտ նվազում են հղիության, ծննդաբերության և սերնդի խնամքի ընթացքում ինֆեկցիաներից մահացության և իմունիտետի թուլացման ռիսկերը։

Արուների վրա լավագույն ազդեցությունը ձեռք է բերվել վաղ տարիքում արված ամլացման միջոցով, մինչդեռ էգերի մոտ ազդեցությունը կախված չի եղել ամլցման տարիքից։

Ուսումնասիրության հեղինակները նշում են, որ այս ընթացակարգերի հետևանքները տարբերվում են մարդուց մարդ: Մինչդեռ ամլացումն ընդհանուր առմամբ երկարացնում է կյանքը, ձվարանների հեռացումը կարող է վատթարացնել որոշակի առողջական ցուցանիշներ ծերության շրջանում: