Ես խնդրում եմ՝ սուտ տեղեկություններ մի տարածեք։ Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ՔՊ–ական պատգամավոր Կարեն Սարուխանյանը՝ անդրադառնալով մամուլի տեղեկություններին, ըստ որի, իրեն մերժել են ընդգրկել ՔՊ–ի նախընտրական ցուցակում։
Լրագրողների հարցին, թե ո՞րն է եղել ցուցակում չընդգրկելու պատճառը, արդյոք այն, որ իր զոքանչը անցնում է Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի գործով, նա չպատասխանեց և մտավ սենյակ։
Նշենք, որ այսօր «Հրապարակ» թերթը գրել էր, որ նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ ներկայացրած 380 թեկնածուների մի մասն արդեն անցել է 20 հոգանոց վարչության «քավարանով» և արդեն մի քանիսին «կտրել» են քննությունից։ Դրանց թվում են ՔՊ–ական պատգամավոր Հայկ Սարգսյանը, որի անունը կապվում է քրեական ենթամշակույթ կրողների եւ աղմկոտ պատմությունների, մասնավորապես` հայտնի հեղինակություն Չաղ Ռուստամի հետ, մյուսը Կարեն Սարուխանյանն է, որին անցած տարի Փաշինյանն ուղարկել էր նարկոտիկի թեստ հանձնելու:





























