Մեքսիկայի կողմից Չինաստանից, Հնդկաստանից և այլ ասիական երկրներից ներմուծվող ապրանքների վրա 2026 թվականից սկսած ներմուծման մաքսատուրքեր սահմանելու որոշումը Թրամփի «առևտրային հեղափոխության» կարևորագույն հանգրվան է։ Այս մասին հայտնել է նախագահի առևտրի և արտադրության հարցերով ավագ խորհրդական Պիտեր Նավարոն, որը համարվում է ներկայիս վարչակազմի մաքսատուրքային քաղաքականության ճարտարապետը։
«Չինաստանից և ասիական այլ երկրներից ներկրվող ապրանքների վրա 50% մաքսատուրք սահմանելու մասին Մեքսիկայի որոշումը պարզապես տեղային բախում չէ։ Սա նախագահ [ԱՄՆ Դոնալդ] Թրամփի առևտրային հեղափոխության և առհասարակ հետպատերազմյան միջազգային առևտրային համակարգի փոփոխության կարևոր փուլ է»,- գրել է Նավարոն X-ում։
Նա այս մեկնաբանությանը կից տեղադրել է մի ծաղրանկար, որտեղ պատկերված է Մեքսիկայի դրոշի գույներով հագուստով մի մարտիկ՝ մեծ վահանով, որի օգնությամբ նա հետ է մղում Ասիայից եկող բեռնատար նավերի և ապրանքներով լի արկղերի հոսքը։ Նրա թիկունքում կանգնած է առաջ մատնանշող Թրամփը, որի ֆոնին փլուզվում է «Առևտրի համաշխարհային կազմակերպության կանոններ» և «հետպատերազմյան առևտրային համակարգ» մակագրություններով շենքը։
Անցյալ շաբաթվա սկզբին Մեքսիկան հավանություն է տվել 2026 թվականի սկզբից ներմուծման մաքսատուրքերը մինչև 50% բարձրացնելուն՝ այն երկրների ապրանքների լայն տեսականու համար, որոնք իր հետ չունեն ազատ առևտրի համաձայնագրեր։ Այդ երկրների թվում են Հնդկաստանը, Չինաստանը, Հարավային Կորեան, Թաիլանդը և Ինդոնեզիան։ Հնդկաստանն արդեն սկսել է Մեքսիկայի հետ բանակցությունները՝ ներմուծման բարձր մաքսատուրքերի հետևանքները մեղմելու նպատակով։





























