Հյուսիսային Կոլումբիայի ռազմական բազայի վրա «Ազգային ազատագրական բանակ» խմբավորման (ԱԱԲ) ապստամբների հարձակման հետեւանքով զոհվել է առնվազն չորս զինվոր։ Այս մասին հայտնել է երկրի բանակի երկրորդ դիվիզիան։

«Դեկտեմբերի 18-ին, հինգշաբթի երեկոյան, ահաբեկչական հարձակում է իրականացվել պայթուցիկ սարքերի միջոցով 27-րդ ռազմական բազայի դեմ, որը պատկանում է 14-րդ հետեւակային գումարտակին եւ գտնվում է Սեսարի դեպարտամենտի Էլ Խունկալ քաղաքում։ Նախնական տեղեկությունների համաձայն՝ մեր չորս զինվորներ զոհվել են»,- նշվել է դիվիզիայի X ցանցի հայտարարության մեջ։

Կոլումբիայի զինված ուժերի հրամանատար, ծովակալ Ֆրանսիսկո Կուբիդեսը հայտնել է, որ ԱԱԲ-ը պատասխանատվություն է կրում հարձակման համար։ «ԱԱԲ-ը բացարձակապես ոչ մի ցանկություն չի ցուցաբերել խաղաղության հասնելու համար։ Ընդհակառակը, նրա գործողությունները ցույց են տալիս քաղաքացիական բնակչությանը վնասելու, վախ սերմանելու եւ սարսափեցնելու միտումնավոր փորձ»,  հայտարարել է նա տեսահոլովակում, որը հրապարակվել է նրա X-ի էջում։

Սեսարի կառավարության տվյալներով՝ հարձակման հետեւանքով վիրավորվել է 32 զինվոր։

ԱԱԲ-ը, որն ունի մի քանի հազար անդամ, երկրի միակ խոշոր ապստամբական խումբն է մնացել այն բանից հետո, երբ կառավարությունը 2016թ․ խաղաղության համաձայնագիր կնքեց Կոլումբիայի հեղափոխական զինված ուժերի հետ: Համաձայնագիրը վերջ դրեց արյունալի հակամարտությանը, որը տեւեց ավելի քան կես դար եւ խլեց ավելի քան 250 հազար մարդու կյանք: 2022թ․ նոյեմբերին իշխանությունները հայտարարեցին ԱԱԲ-ի հետ երկխոսության մեկնարկի մասին: Գործընթացը մի քանի անգամ դադարեցվել եւ վերսկսվել է: