Թեեւ Երեւանի վարչական շրջանների կենտրոնական եւ երկրորդական փողոցներն ամբողջությամբ մաքրված են եղել ձյունից, սակայն մայթերի եւ բակային տարածքների հետ կապված որոշակի թերացումներ նկատվել են: Այս մասին այսօր` փետրվարի 6-ին, Երեւանի քաղաքապետարանում աշխատանքային խորհրդակցության ժամանակ նշել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

«Կենտրոնացնելով մեր համապատասխան կառույցների ամբողջ ներուժը` պետք է մտածենք ինչպես վարորդների, այնպես էլ հետիոտների անվտանգության մասին եւ ապահովենք բակային հատվածների ու մայթերի մաքրությունը»,-նշել է նա եւ հանձնարարել այդ աշխատանքներում ներգրավել նաեւ կանաչապատման ու սանմաքրման ձեռնարկությունների աշխատակիցներին:

Անդրադառնալով մայրաքաղաքի շուկաների ու ստորգետնյա անցումների սանիտարական պատշաճ վիճակի ապահովմանը`առողջապահության վարչության պետը զեկուցել է, որ աշխատանքային խումբը ուսումնասիրել է Նոր Նորք եւ Էրեբունի վարչական շրջանների շուկաներն ու ստորգետնյա անցումները եւ ընդհանուր առմամբ սանիտարական վիճակը գնահատվել է բավարար:

Հանրակրթության վարչության պետը զեկուցել է, որ դպրոց չհաճախող դպրոցահասակ երեխաների թվի եւ չհաճախելու պատճառների վերաբերյալ կատարվել են ուսումնասիրություններ, ինչպես նաեւ այցեր ու հանդիպումներ են կազմակերպվել ծնողների հետ: Ըստ այդմ դպրոցահասակներից մի քանիսը կվերսկսեն հաճախելիությունը դպրոց կամ համապատասխան հանրակրթական այլ հաստատություն: Նշվել է, որ ուսումնասիրությունների արդյունքում` պարզվել է, կան  նաեւ այնպիսի երեխաները, որոնք դպրոցական լինելով հանդերձ`սոցիալական պայմաններից ելնելով մեծ թվով բացակայություններ ունեն:

«Եթե երեխաները հատկապես սոցիալական պատճառներից ելնելով չեն հաճախում դպրոց, ապա այդ խնդիրը ոչ միայն ընտանիքինն ու դպրոցինն է, այլեւ մեր քաղաքինը: Այդ նպատակով մենք պետք է հնարավոր ամեն ինչ անենք` աջակցելու այդ երեխաներին կրթություն ստանալու հարցում եւ պահենք մեր մշտական հոգածության տակ»,-նշել է Տարոն Մարգարյանը` հանձնարարելով համապատասխան վարչությունների աշխատակիցներին հավելյալ ստուգումներ կատարել եւ ապահովել երեխաների հաճախելիությունը: