Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանում ջեռուցման անհատական համակարգ է տեղադրվել՝ բնակելի շենքից առանձին գազատարով: Թանգարանը արդեն երրորդ օրն է, ինչ ջեռուցվում է: Երեւանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այցելել է թանգարան, անձամբ համոզվելու եւ զեկուցելու քաղաքապետին, որ հանձնարարությունը պատշաճ կատարված է: Երեւանի ժամանակակից արվեստի թանգարանը Հենրիկ Իգիթյանը հիմնել է 1972 թվականին, որը մինչեւ Խորհրդային Միության փլուզումը եղել է ԽՍՀՄ տարածքում ժամանակակից արվեստի միակ թանգարանը: Այսօր, բացի հիմնական ցուցադրությունից, այստեղ կազմակերպվում են նաեւ ժամանակակից նկարիչների ու քանդակագործների ցուցահանդեսներ:

«Էս հարստությունը փրկվեց. 20 տարի քայքայման շեմին էր... Բոլոր նկարիչների, բոլոր արվեստասերների անունից՝ խորին շնորհակալություն Տարոն Մարգարյանին: Չձգձգեց մեր խնդրի լուծումը, ամիսներ չտեւեց. միանգամից՝ խոսքը բացվեց ու աշխատանքները սկսվեցին: Դրանք ամիսուկես տեւեցին, այնինչ 20 տարի հարցը չէր լուծվում, միայն խոստումներ էինք լսում»,- ասել է թանգարանի կառավարման խորհրդի նախագահ Լեւոն Իգիթյանը:

Թանգարանի կառավարման խորհրդի նախագահը վստահեցնում է, որ ջեռուցման համակարգի տեղադրումը հնարավորություն կտա թանգարանում նաեւ դասընթացներ անցկացնել, հաշվի առնելով, որ արվեստագետներից ու արվեստասերներից բացի այստեղ այցելում են նաեւ դպրոցականներ: