Ամերիկյան Direct Source ընկերությունը հետ է կանչել սառեցված ծովախեցգետինների մի քանի խմբաքանակ՝ ռադիոակտիվ իզոտոպ ցեզիում-137-ով հնարավոր աղտոտվածության պատճառով, հայտնում է USA Today պարբերականը։

Ամերիկյան մեկ այլ ընկերություն՝ Southwind Foods-ը, դեռևս օգոստոսին է հետ կանչել սառեցված ծովախեցգետինների մի շարք խմբաքանակներ՝ նույնպես ռադիոակտիվ ցեզիում-137-ով հնարավոր աղտոտվածության պատճառով։

«Այս անգամ Վաշինգտոնում տեղակայված Direct Source ընկերությունը հայտարարել է, որ հետ է կանչում Ինդոնեզիայից ներկրված իր արտադրանքի մոտ 83,800 փաթեթը»,- հայտնում է պարբերականը։

Թերթի տեղեկություններով՝ հետկանչման ենթակա ծովախեցգետինները վաճառվում են երկրի 17 նահանգներում։

2025 թվականի օգոստոսին FDA-ն (ԱՄՆ Սննդամթերքի և դեղերի որակի վերահսկման վարչություն) հայտնել է ինդոնեզական սառեցված ծովախեցգետիններում ցեզիում-137-ի հայտնաբերման մասին և կասեցրել է PT Bahari Makmur Sejati ձեռնարկության արտադրանքի ներկրումը։ ԱՄՆ Մաքսային և սահմանային պահպանության ծառայությունը հաստատել է, որ ճառագայթման հետքեր են արձանագրվել Լոս Անջելեսի, Հյուսթոնի, Սավաննայի և Մայամիի նավահանգիստների բեռնարկղերում։

Ինդոնեզիայի շրջակա միջավայրի նախարար Հանիֆ Ֆայսոլ Նուրոֆիկը հայտարարել է, որ իշխանությունները հետաքննություն են անցկացնում ԱՄՆ արտահանվող սառեցված ծովախեցգետինների՝ ցեզիում-137-ով ենթադրյալ ռադիոակտիվ աղտոտվածության մասին հաղորդումների կապակցությամբ։