Կառավարությունն իր այսօրվա՝ դեկտեմբերի 25–ի նիստում որոշեց «Հայաստանի պետական ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ–ը վերանվանել «Հովհ. Չեքիջյանի անվան Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբ» ՊՈԱԿ։

Նախագծով առաջարկվող փոփոխության անհրաժեշտությունը բխում է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանի երկարամյա վաստակը արժևորելու հանգամանքից։

Նշենք, որ Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը հիմնադրվել է 1937 թվականին։ 1961 թվականից ի վեր երգչախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժորը ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ԽՍՀՄ և ՀԽՍՀ պետական մրցանակների դափնեկիր, պրոֆեսոր, մաեստրո Հովհաննես Չեքիջյանն է։

Հրաժարվելով դիրիժորական փայլուն ապագայից Թուրքիայում՝ Չեքիջյանը 1961 թվականին տեղափոխվել է Հայաստան՝ իր կարողությունները և տաղանդը անմնացորդ ներդնելով ի նպաստ հայկական երաժշտարվեստի զարգացմանը:

Հովհաննես Չեքիջյանը ողջ կյանքում ծառայել է կոմիտասյան երաժշտության տարածմանը՝ նրա խմբերգերը հնչեցնելով աշխարհի տարբեր բեմահարթակներից:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը նպատակ ունի արժևորելու անվանի Մաեստրոյի վաստակը երգչախմբի կայացման և հայ երգչախմբային արվեստը Հայաստանի սահ­մաններից դուրս տարածելու գործում:

Հայաստանի ազգային ակադեմիական երգչախումբը Հովհաննես Չեքիջյանի անունով անվանակոչելը էլ ավելի կբարձրացնի Հայաստանի ազգային երգչախմբի հեղինակությունը, կնպաստի նրա հանրային ճանաչելիությանը Հայաստանի սահմաններից դուրս, կդառնա երգչախմբի խորհրդանիշը, Մաեստրոյի ավանդի գնահատման լավագույն դրսևորումը։