Տանզանիայում ուղղաթիռի կործանման հետևանքով առնվազն հինգ մարդ է զոհվել։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ հղում անելով տեղական ոստիկանության ղեկավար Սայմոն Մայգվային։
Գործակալության տեղեկություններով՝ վթարը տեղի է ունեցել Կիլիմանջարո լեռան վրա։ Ուղղաթիռն այնտեղ է ուղևորվել այն զբոսաշրջիկների տարհանման համար, որոնց գագաթը բարձրանալու ժամանակ բժշկական օգնություն է անհրաժեշտ եղել։ Անկման պահին օդանավում գտնվել են բժշկական օգնության կարիք ունեցող երկու օտարերկրյա քաղաքացի, բժիշկը, ուղեկցորդը և օդաչուն։
Հաղորդվում է, որ ուղղաթիռը կործանվել է Բարաֆու և Կիբո ճամբարների միջև մոտավորապես 4000 մետր բարձրության վրա։ Հետաքննություն է ընթանում։





























