Ադրբեջանը TRIPP-ի իրականացման պայման է դրել։ Այս մասին տեղեկացրել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը տարվա արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսում, տեղեկացրել է APA-ն։
Ընդհանուր առմամբ պարզվել է, որ Ադրբեջանը լրացուցիչ պայմաններ ունի Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար, եւ դրանք կապված են «Թրամփի ուղու» հետ։
Նախարարը նշել է, որ «Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են Հայաստանի սահմանադրության փոփոխություններ եւ TRIPP-ի պարտավորությունների լիարժեք կատարում»։ «Վերջերս տեղի են ունեցել երկու երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների փոխադարձ այցելություններ։ Գաբալայում տեղի է ունեցել նաեւ սահմանազատման հանձնաժողովի նիստ»,- ասել է նախարարը։
Բայրամովը բողոքել է, որ Հայաստանը «2020թ․ ի վեր երկար ժամանակ որեւէ քայլ չի ձեռնարկել այս ուղղությամբ», մինչդեռ «Ադրբեջանը անմիջապես սկսել է ավտոմայրուղու եւ երկաթուղու կառուցման աշխատանքները։ Մինչեւ 2026թ․ երկաթուղին, որն անցնում է Ադրբեջանով, կհասնի Հայաստանի հետ սահմանին»։
Նախարարը նշել է, որ TRIPP երթուղու նախագիծը շատ կարեւոր է Միացյալ Նահանգների համար.
«Որպեսզի այս նախագիծը իրականացվի, պետք է սկսվեն նաեւ աշխատանքներ հայկական կողմից։ Մեր տեղեկությունների համաձայն՝ այս նախագծի վրա աշխատող ԱՄՆ ներկայացուցիչները ներկայում բանակցություններ են վարում Հայաստանի հետ։ Գործընթացն իրականացվում է երկկողմանի։ Մենք հույս ունենք, որ աշխատանքները կարագանան»։ Բացի այդ, TRIPP երթուղու ինչպես մուտքի, այնպես էլ ելքի կետերը գտնվում են Ադրբեջանում։ Առանց Ադրբեջանի համագործակցության նախագիծը չի կարող իրականացվել։ Հետեւաբար, մենք նախապես ուրվագծել ենք մեր պայմաններն ու ակնկալիքները եւ ակնկալում ենք, որ դրանք հաշվի կառնվեն»։
Հայ հանրությունը հաստատ չգիտի, թե ինչ պահանջներ եւ պայմաններ է առաջ քաշում Ադրբեջանը TRIPP-ի վերաբերյալ։





























