Մարդու իրավունքների եվրոպական դատարանի ձեռնարկած անհետաձգելի կանխարգելիչ միջոցառումներն անտեսելով՝ Ադրբեջանը չի կատարել դատարանի պարտադիր որոշումը։ Արդյունքում, հայ Կարեն Ավանեսյանի գտնվելու վայրը, առողջական վիճակը և կալանքի պայմանները մինչ օրս անհայտ են մնում։ Ավելին, նա դատապարտվել է 16 տարվա ազատազրկման՝ առանց արդար դատաքննության։
ՄԻԵԴ-ի կիրառած անհետաձգելի միջոցառումների շրջանակում Ադրբեջանի կառավարությունը պարտավոր էր ապահովել Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջության պաշտպանությունը, դատարանին և նրա ներկայացուցիչներին տրամադրել տեղեկություններ նրա գտնվելու վայրի և առողջության մասին, ինչպես նաև ապահովել նրա կապը հարազատների և օրինական ներկայացուցիչների հետ։ Սակայն այդ պարտավորությունները դեռևս չեն կատարվել։
Կարեն Ավանեսյանի իրավիճակը ստեղծվել է այն բանից հետո, երբ ադրբեջանական լրատվամիջոցները, հղում անելով Ադրբեջանի ՆԳՆ-ին, հաղորդել են նրա ձերբակալման մասին 2025 թվականի սեպտեմբերի 14-ին բռնազավթված Ստեփանակերտ քաղաքում։ Ըստ այս աղբյուրների՝ Ավանեսյանը ձերբակալվել է Ստեփանակերտում միջոցառման վայրին զենքով մոտենալու փորձի ժամանակ։ Ձերբակալության ժամանակ նա զինված դիմադրություն է ցուցաբերել, որի արդյունքում ստացել է հրազենային վիրավորում։
2025 թվականի սեպտեմբերի 17-ին փաստաբաններ Արա Ղազարյանը և Անաստասիա Մակարյանը դիմել են ՄԻԵԴ՝ դատարանի կանոնակարգի 39-րդ հոդվածով անհետաձգելի կանխարգելիչ միջոցառում կիրառելու համար։ 2025 թվականի սեպտեմբերի 18-ին ՄԻԵԴ-ը դիմում է ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ պարտավորեցնելով նրան անհապաղ տրամադրել պահանջվող տեղեկատվությունը։
Այնուհետև՝ 2025 թվականի հոկտեմբերի 20-ին, Մարդու իրավունքների եվրոպական դատարանը լիովին բավարարել է կանխարգելիչ միջոցառում կիրառելու խնդրանքը՝ Ադրբեջանին պարտավորեցնելով ձեռնարկել կոնկրետ միջոցներ՝ Կարեն Ավանեսյանի ֆիզիկական և հոգեկան առողջությունն ապահովելու համար։ Սակայն, վերոնշյալ որոշումից հետո, Ադրբեջանի կառավարությունը չի կատարել ՄԻԵԴ-ի՝ անհետաձգելի միջոցներ կիրառելու որոշումը։
Վերոնշյալ հանգամանքներն անտեսելով՝ այս տարվա դեկտեմբերի 25-ին ադրբեջանական դատարանը Ավանեսյանին դատապարտել է 16 տարվա ազատազրկման։ Դատապարտման մասին որևէ տեղեկատվություն չի տրամադրվել ո՛չ նրա ներկայացուցիչներին, ո՛չ էլ ՄԻԵԴ-ին։ Ավելին, վերոնշյալ դատավարության մասին տեղեկությունը հասանելի է միայն ադրբեջանական մամուլի սահմանափակ թվով աղբյուրներից։




























