Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպելու համար։ Նա լրագրողներին ասել է, որ բանակցություններին Ուկրաինան կներկայացնի եւս հինգ մարդ, տեղեկացրել է «РБК-Украина»-ն։
Զելենսկու խոսքով՝ Թրամփի հետ հանդիպմանը մասնակցելու համար ուկրաինական բանակցային թիմի կազմում են Ազգային անվտանգության եւ պաշտպանության խորհրդի քարտուղար Ռուստեմ Ումերովը, էկոնոմիկայի նախարար Ալեքսեյ Սոբոլեւը, Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Անդրեյ Գնատովը, նախագահի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Ալեքսանդր Բեւզը եւ արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Սերգեյ Կիսլիցան։
«Ես չեմ խոսի ամերիկյան կողմի մասին, քանի որ դա նախագահ Թրամփի ընտրությունն է։ Կարծում եմ՝ դուք ծանոթ եք մեր բանակցային թիմին. Ռուստեմ Ումերովից բացի, կլինեն էկոնոմիկայի նախարար Սոբոլեւը, ինչպես նաեւ Անդրեյ Գնատովը, Ալեքսանդր Բեւզը եւ Կիսլիցան»,- ասել է Զելենսկին։
Կիրակի՝ դեկտեմբերի 28-ին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ Ֆլորիդայի նրա Մար-ա-Լագոյի նստավայրում։
Լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ Զելենսկին պլանավորում է լուծել խաղաղության համաձայնագրի նախագծի վերաբերյալ հիմնական տարաձայնությունները Թրամփի հետ հանդիպման ժամանակ։
Զելենսկին խոստանում է, որ Թրամփի հետ հանդիպման ժամանակ անպայման կբարձրացնի տարածքային հարցը։
Ուկրաինայի նախագահի խոսքով՝ ինքը Թրամփի հետ կքննարկի ինչպես Դոնբասը, այնպես էլ Զապորոժիեի ատոմակայանը։ Եվրոպացիները նույնպես կմասնակցեն Թրամփի հետ հանդիպմանը՝ առցանց ռեժիմով։
Զելենսկին արդեն մեկնել է Միացյալ Նահանգներ եւ հայտարարել է Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպման, ինչպես նաեւ Ֆլորիդա մեկնելու ճանապարհին եվրոպացի առաջնորդների հետ առցանց հանդիպման մասին։





























