Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ 2022 թվականի հունվարին Ղազախստանում տեղի ունեցած անկարգություններն անցկացվել են «հեղափոխությունների» գծով մասնագետների համակարգմամբ։
«Անկարգությունների հրահրողները, «հեղափոխությունների» գծով մասնագետների համակարգմամբ, օգտվեցին վառելիքի գները բարձրացնելու կառավարության որոշումից և մարդկանց դրդեցին զանգվածային ցույցերի»,— նշել է Տոկաևը «Տուրկեստան» թերթին տված հարցազրույցում։
«Այնուհետև խուճապ հրահրվեց քաղաքացիների, պետական ծառայողների և, որքան էլ զարմանալի է, ուժայինների զգալի մասի շրջանում, որոնք սկսեցին լքել ծառայության վայրերը՝ թողնելով գաղտնի փաստաթղթերն ու զենքը։ Հայրենիքին հավատարմության և պրոֆեսիոնալիզմի քննությունը չհանձնեցին Ազգային անվտանգության կոմիտեի և Ներքին գործերի նախարարության մի շարք ղեկավարներ»,- նշել է ղազախ առաջնորդը։
2022 թվականի հունվարի սկզբին Ղազախստանում տեղի ունեցան զանգվածային անկարգություններ, որոնց մասնակիցները հարձակվում էին ոստիկանների և զինվորականների վրա։ Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարեց պետական հեղաշրջման փորձի մասին և օգնության համար դիմեց Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը (ՀԱՊԿ): Մինչև հունվարի 7-ը իրավիճակը հաջողվեց կայունացնել, իսկ հունվարի 19-ին ամբողջ երկրում չեղարկվեց արտակարգ դրության ռեժիմը։ Իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում զոհվել է 238 մարդ, տուժել է ավելի քան 4,5 հազարը։





























