Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանի եւ կենտրենի տնօրինության հետ:
Երեւանի քաղաքապետարանի լրատվական ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ Տարոն Մարգարյանը քաղաքապետարանի շարունակական աջակցությունն է առաջարկել կենտրոնի գործունեությանը: Խոսելով «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի գործունեության եւ առաքելության մասին` կենտրոնի հիմնադիր Սամ Սիմոնյանը նշել է, որ այն իրենց ընտանիքի 10 տարիների երազանքն էր, որ իրականություն դարձավ մայրաքաղաքում: «Երեխաների սերը մեր կենտրոնի հանդեպ մեզ քաջալերում է եւ մենք առաջարկում ենք քաղաքապետարանին ուսումնական համատեղ ծրագրեր իրականացնել»,- նշել է Սամ Սիմոնյանը:
Կենտրոնը 2011 թվականից դեռահասների համար անիմացիայի, համակարգչային խաղերի ստեղծման, կայքերի մշակման եւ թվային մեդիայի ուսուցման անվճար դասընթացներ է անցկացնում:
Քաղաքապետը շնորհակալություն է հայտնել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի հիմնադիրներին` մայրաքաղաքում ներդրումային նման խոշոր ծրագրեր կյանքի կոչելու համար եւ պատրաստակամություն է հայտնել համագործակցել կրթութական ծրագրերի շրջանակում, քանի որ քաղաքապետարանի քաղաքականությունը հանրակրթության ոլորտում եւս միտված է կրթության որակի բարձրացմանը նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման ճանապարհով: Քաղաքապետը հյուրերին ներկայացրել է հանրակրթության ոլորտում իրականացվող ծրագրերն ու աշխատանքները:
«Թումո» կենտրոնի հիմնադիրներին քաղաքապետը նաեւ շնորհակալություն է հայտնել Երեւանի Աջափնյակ վարչական շրջանի ամենամեծ` Թումանյան այգու բարեկարգմանն ու կանաչապատմանը ակտիվ եւ շարունակական մասնակցության համար:




























