Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը եւ Dasaran.am կրթական ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել, որը հնարավորություն է տալիս քաղաքապետարանի ենթակայության բոլոր դպրոցներում կիրառել ծրագիրն ու տեղեկատվական տեխնոլոգիաների ներդման միջոցով նպաստել կրթության որակի բարձրացմանը:

Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրը թույլ է տալիս կայքում հետեւել դպրոցականների հաճախելիության եւ առաջադիմության ցուցանիշներին, ինչպես նաեւ տեղեկանալ դպրոցում կազմակերպվող ժողովների, միջոցառումների, որոշումների եւ հաշվետվությունների մասին, բացահայտել ու խրախուսել աշակերտներին ներդպրոցական, միջդպրոցական եւ համահայկական ինտելեկտուալ մրցույթների, խաղերի միջոցով:

Տարոն Մարգարյանը, կարեւորելով կրթական համակարգում ընթացող  բարեփոխումների ծրագրերը, նշել է, որ կայքի նախաձեռնությունը կարեւոր քայլ է համակարգի գործունեության թափանցիկության ապահովման ուղղությամբ եւ պատրաստակամությունն է հայտնել աջակցել ու սատարել նմանատիպ ծրագրերի իրականացմանը:

«Գործնականում արդեն տեսնելով ծնողների եւ ուսուցիչների գոհունակությունը`վստահ եմ, որ այս համագործակցության շնորհիվ դպրոցներում լիարժեքորեն կապահովվի գործունեության թափանցիկությունն ու հնարավորություն կտա ամրապնդել ծնող-դպրոց-պետություն համագործակցությունը»,-նշել է Տարոն Մարգարյանը:

Ծրագրի համահիմնադիր Սուրեն Ալոյանը նշել է, որ այս ծրագիրը լավ գործիք է դպրոցին վերաբերող տարբեր տվյալների ստացման, դպրոցի արդյունավետ կառավարման, վերահսկողության եւ վերլուծությունների համար:

Մատուցվող բոլոր ծառայություններն անվճար են եւ բաց կայքի անդամների համար: