Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մտավորականների հետ քննարկել է քաղաքում Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հարցը:
Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ քաղաքապետը հանդիպել է, մասնավորապես, ՀՀ ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի, ՀՀ վաստակավոր նկարիչ, քանադակագործ Համլետ Մատինյանի եւ Երեւանի ֆիզիկայի ինստիտուտի պրոֆեսոր, աստղաֆիզիկոս Վահագն Գուրզադյանի հետ:
Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայոց արքա Տիգրան Մեծի արձանի տեղադրման վայրի հետ կապված հարցեր: Ոգեւորվելով այն գաղափարից, որ Հալլեի գիսաստղի ամենահին պատկերը քանդակված է Հայոց Տիգրան Մեծ արքայի դրամի վրա` մ.թ.ա. 83 թվականին` Անտիոքի նվաճման առիթով, քանդակագործ Հակոբ Հակոբյանը երկար ժամանակ աշխատել է եւ այն հուշակոթողի վերածելու նախագիծ է կազմել:
Տիգրան Մեծի հատած այս դրամը նշանակալի արժեք ունի համաշխարհային մշակութային գանձարանում, եւ մեծ հետաքրքրություն ու արձագանքներ է առաջացրել ամբողջ աշխարհի գիտական եւ մշակութային անցուդարձում, ինչը անհետեւանք չի թողել նաեւ հայ մշակութային կյանքը:
Տիգրան Մեծի արձանի իրականացումը պայմանավորված է հայոց պետականություն-գիտություն-մշակույթ հարաբերությունների սերտ կապը շեշտելու եւ դրա կարեւորությունը մատնանշելու փաստով:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ողջունելով գաղափարը, պատրաստակամություն է հայտնել աջակցել եւ առաջարկը ներկայացնել Երեւանի ավագանու գեղարվեստական հանձնաժողովի քննարկմանը:




























