ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպումը՝ Թեհրանի միջուկային ծրագիրը քննարկելու համար:

Սպիտակ տան լրագրողների փոխանցմամբ՝ Ամերիկայի առաջնորդը հայտնել է, որ «Իրանի ղեկավարության» ներկայացուցիչները զանգահարել են հունվարի 10-ին։ «Հնարավոր է՝ մենք ստիպված լինենք գործել մինչև հանդիպումը։ Հանդիպումը կազմակերպման փուլում է։ Իրանը զանգահարել է. նրանք բանակցություններ են ցանկանում», - հայտարարել է Թրամփը։ Ըստ «Reuters» գործակալության տվյալների՝ խոսքը Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների մասին է։ Միևնույն ժամանակ, գործակալությունը հայտնում է, որ Թրամփը նաև հայտարարել է, որ Վաշինգտոնը կապի մեջ է Իրանի ընդդիմադիր ուժերի հետ։

2015 թվականին Իրանը և Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Չինաստանը, Ռուսաստանը, ԱՄՆ-ն ու Ֆրանսիան ստորագրել են ԳՀՀԾ-ն (Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր)՝ վերջ դնելով 2002 թվականին սկսված ճգնաժամին, որն առաջացել էր Թեհրանի հասցեին Արևմուտքի հնչեցրած այն մեղադրանքների պատճառով, թե վերջինս միջուկային զենք է մշակում։ Սակայն 2018 թվականին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է համաձայնագրից դուրս գալու մասին և վերականգնել Իրանի դեմ ամերիկյան բոլոր պատժամիջոցները։ Ի պատասխան դրան՝ 2020 թվականին Թեհրանը հայտարարել է ԳՀՀԾ-ով ստանձնած իր պարտավորությունների կրճատման և միջուկային օբյեկտներում Ատոմային էներգիայի միջազգային գործակալության տեսուչների մուտքի սահմանափակման մասին։ Ընդ որում, ընդհուպ մինչև 2025 թվականի հունիսին տեղի ունեցած իրանա-իսրայելական էսկալացիան, գործակալությունը շարունակել է տեսչական ստուգումները։