Հատուկ դատախազի թիմը երեքշաբթի օրը պահանջել է մահապատիժ կիրառել Հարավային Կորեայի նախկին նախագահ Յուն Սեոկ-յոլի համար՝ ռազմական դրություն մտցնելու ձախողված փորձի համար և նրան անվանել է հեղաշրջման առաջնորդ, որը փորձել է պահպանել իշխանությունը՝ զավթելով դատական և օրենսդիր մարմինների նկատմամբ վերահսկողությունը, հաղորդում է Yonhap-ը։
Հատուկ դատախազ Չո Ըն Սոկի թիմը պատժաչափի վերաբերյալ պահանջը ներկայացրել է Սեուլի կենտրոնական շրջանային դատարանում՝ Յունի գործով եզրափակիչ լսումների ժամանակ։
2024 թվականի դեկտեմբերի սկզբին Յուն Սոկ Յոլը Հարավային Կորեայում արտակարգ դրություն է մտցրել՝ դա բացատրելով «հյուսիսկորեամետ հակապետական ուժերին արմատախիլ անելու» անհրաժեշտությամբ և ընդդիմադիր կուսակցություններին կոչ է արել «դադարեցնել վրդովեցուցիչ գործողությունները, որոնք կաթվածահար են անում երկրի աշխատանքը»։ Խորհրդարանը քվեարկել է նախագահի իմպիչմենտի օգտին, իսկ հունվարին նա ձերբակալվել է։
Մարտին Յուն Սոկ Յոլին ազատ էին արձակել կալանքից, սակայն հուլիսին նրան կրկին կալանավորել են։ Դատախազությունը մտավախություն է ունեցել, որ ազատության մեջ գտնվելով՝ նա կարող է ոչնչացնել ապացույցները։ 2025 թվականի նոյեմբերին Հարավային Կորեայի հատուկ դատախազի թիմը նախկին նախագահին լրացուցիչ մեղադրանքներ է առաջադրել՝ իշխանության չարաշահման և թշնամուն օժանդակելու համար՝ կապված 2024 թվականի հոկտեմբերին Հյուսիսային Կորեա անօդաչու թռչող սարքեր ուղարկելու գործողության հետ։ Ըստ մեղադրանքի վարկածի՝ Յուն Սոկ Յոլը հրամայել է Հյուսիսային Կորեայի տարածքում՝ անօդաչուների կիրառմամբ գաղտնի գործողություն իրականացնել, որպեսզի պատասխան գործողություններ հրահրի և դրանք որպես պատրվակ օգտագործի՝ ռազմական դրություն մտցնելու համար։





























