«Վալլեքս» խմբի ընկերությունները որեւէ առնչություն չունեն Կարմիր գեղ կոչվող հանդամասում իրականացվող աշխատանքների հետ: Այս մասին նշված է «Վալլեքս» խմբի ընկերությունների պարզաբանման մեջ:
Հիշեցնենք, որ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը փետրվարի 8-ին, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր, որ, ըստ իրեն հասած լուրերի, Թեղուտից ոչ հեռու գտնվող Կարմիր գեղ կոչվող հանդամասում հանքավայրի որոնողական աշխատանքներ են կատարվել:
Այս առնչությամբ, «Վալեքս» խմբի ընկերությունների պարզաբանման մեջ նշվում է.
«Պատգամավորը հարցրել է ՀՀ բնապահապանության նախարարին այդ աշխատանքները «Վալլեքս» խմբի ընկերությունների կողմից իրականացվելու մասին: Ցավոք՝ դա բավարար հիմք համարվեց որոշ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար ««Վալեքսը» նոր հանքատարածքի ախորժակ ունի՞» եւ այս կարգի այլ վերնագրերով մի շարք հրապարակումների համար: Զերծ մնալով այդպիսի հրապարակումների հեղինակների մասնագիտական պատրաստվածության եւ լրագրողական էթիկայի մասին պատկերացումների որեւէ գնահատականից՝ սույնով հայտնում ենք.
«Վալլեքս» խմբի ընկերությունները որեւէ առնչություն չունեն Կարմիր գեղ կոչվող հանդամասում իրականացվող աշխատանքների հետ: Այդ անհիմն լուրերը հնչեցնելով՝ ԱԺ պատգամավորը թյուրիմացության մեջ է գցել հասարակության որոշ հատվածի: Այդ երեւույթից Ստյոպա Սաֆարյանը կարող էր խուսափել, եթե հարցմամբ դիմեր «Վալլեքս» խմբի ընկերությունների համապատասխան ծառայությանը, որը մշտապես օպերատիվորեն արձագանքում է այդպիսի հարցումներին: Մենք նաեւ մեր տարակուսանքն ենք հայտնում պատգամավորի աշխատանքի կառուցողականության եւ արդյունավետության առնչությամբ, եթե նրա գործելաոճը ենթադրում է «հայտնի դարձած» յուրաքանչյուր «պտտվող լուր»-ի ճշտման համար ԱԺ ամբիոնի օգտագործում»:




























