Բրիտանական կառավարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ ստեղծելու է նոր Ազգային ոստիկանության ծառայություն, որը ստանալու է «բրիտանական ՀԴԲ» անվանումը՝ ոստիկանության ծառայության արդիականացման և ահաբեկչության, խարդախության, կազմակերպված հանցավորության ու այլ բարդ հանցագործությունների դեմ պայքարի նպատակով, հայտնում է Reuters-ը։
Նոր ստորաբաժանումը միավորելու է Հանցավորության դեմ պայքարի ազգային գործակալության աշխատանքը, որը հետաքննում է կազմակերպված հանցավորության լուրջ տեսակները, ինչպիսիք են թմրանյութերի մաքսանենգությունը և մարդկանց առևտրի դեպքերը, այլ ազգային մասշտաբի գործառույթների հետ, ինչպիսիք են ահաբեկչության դեմ պայքարը և ազգային ճանապարհային ոստիկանությունը։
Նրա ղեկավարի նշանակումից հետո՝ Հանցավորության դեմ պայքարի ազգային կոմիսարը կդառնա երկրի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյան։ Ներկայումս Լոնդոնի մայրաքաղաքային ոստիկանության ղեկավարն է համարվում Մեծ Բրիտանիայի իրավապահ մարմինների ամենաբարձրաստիճան պաշտոնյան։
Ազգային ոստիկանության ծառայության ստեղծումը լինելու է ոստիկանության լայնածավալ բարեփոխման մաս, որը կառավարությունը պետք է ներկայացնի երկուշաբթի և որը դիտարկվում է որպես ոստիկանության գործունեության ամենամեծ ցնցում այն ժամանակից ի վեր, երբ Ռոբերտ Փիլը 1829 թվականին ստեղծեց առաջին պրոֆեսիոնալ ստորաբաժանումները։
«Ներկայիս ոստիկանության մոդելը ստեղծվել է այլ դարի համար, — նշվում է Մեծ Բրիտանիայի ներքին գործերի նախարար Շաբանա Մահմուդի հայտարարության մեջ։ — Մենք ստեղծելու ենք նոր Ազգային ոստիկանության ծառայություն, որը ստացել է «Բրիտանական ՀԴԲ» անվանումը և որը կօգտագործի համաշխարհային մակարդակի տաղանդներ և ամենաժամանակակից տեխնոլոգիաներ՝ վտանգավոր հանցագործներին հայտնաբերելու և բռնելու համար»։
Ներկայումս Անգլիայում և Ուելսում գործում է 43 տեղական ոստիկանության ստորաբաժանում, որոնցից որոշները իրականացնում են ազգային գործառույթներ, օրինակ՝ Լոնդոնի ոստիկանությունը, որը պատասխանատու է ահաբեկչության դեմ պայքարի համար։
Մահմուդը նշել է, որ այս փոփոխությունը թույլ կտա տեղական ուժերին կենտրոնանալ առօրյա իրավախախտումների դեմ պայքարի վրա, ինչպիսիք են խանութներում գողությունները և հակասոցիալական վարքագիծը, ինչպես նաև իրենց շրջաններում հանցագործներին բռնելը։
Նախատեսվում է նաև, որ երկուշաբթի հայտարարվելիք փոփոխությունների շրջանակում կառավարությունը կկրճատի Մեծ Բրիտանիայի ուժային կառույցների ընդհանուր թվաքանակը՝ միջոցների խնայողության և հանցավորության մակարդակի նվազեցման նպատակով։




























