Հունվարի 27–ին, Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներից երեքին տեղափոխել են Երեւանի բժշկական կենտրոններ։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱՆ խոսնակ Մարիամ Ծատրյանը։
Երեւան տեղափոխվածների վիճակի մասին մանրամասներ այս պահին հայտնի չեն։
Թալինի ԲԿ–ից մեզ հայտնեցին, որ 4 հոգի իրենց մոտ են գտնվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում։
Վթարից հետո NEWS.am-ի տեղեկություններով 3 քաղաքացի տեղափոխվել է Աշտարակի ԲԿ, թեթեւ վնասվածքներով, բուժօգնություն ստանալուց հետո նրանք դուրս են գրվել։ Տուժածներից 1-ը Ներքին Բազմաբերդ գյուղից է, նրա մոտ թեթեւ վնասվածք է եղել։ Մեր տեղեկություններով՝ 2 հոգի Գյումրի քաղաքից են։
Ավելի վաղ NEWS.am–ը հայտնել էր, որ այսօր՝ հունվարի 27-ին, Երևան-Գյումրի ավտոճանապարհի 51-55-րդ կմ-երի հատվածում տեղի են ունեցել ավտովթարներ․ բախվել է ընդհանուր 15 ավտոմեքենաներ։ Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու քաղաքացի տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար։
Փրկարարները հատուկ տեխնիկյի օգնությամբ 2 քաղաքացու դուրս են բերել «Ford» մակնիշի ավտոմեքենաներից, մոտեցրել շտապօգնության մեքենային և կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ։
Շտապօգնության ծառայության Արագածոտնի մարզային կայանի բրիգադներն այսօր առավոտից աշխատում են գերծանրաբեռնված՝ բուժօգնություն տրամադրելով Թալին-Բազմաբերդ ավտոճանապարհին տեղի ունեցած շղթայական վթարից տուժածներին։
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն իր հերթին հայտնել է, որ 10 քաղաքացի հոսպիտալացվել է. հիմա բուժզննման փուլում են, կան ծանր դեպքեր:





























