Հանրային լրագրության ակումբը նախաձեռնում է հնգօրյա Հանրային թղթակցության դասընթաց-ճամբար` նախատեսված պրոֆեսիոնալ լրագրողների եւ հանրային/քաղաքացիական թղթակիցների, բլոգերների, ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների համար: Հանրային լրագրության ակումբից NEWS.am-ին հայտնեցին, որ դասընթացի ընթացքում պետք է լրագրողների եւ հանրային թղթակիցների համատեղ ուժերով ստեղծվեն լրագրողական նյութեր, որոնցից լավագույնների հեղինակները կպարգեւատրվեն:

Նրանց փոխանցմամբ` դասընթացի մասնակիցները հնարավորություն կունենան հմտանալու սոցիալական մեդիան օգտագործելու, թղթակցելու, ինչպես նաեւ քարտեզային տեխնոլոգիաների միջոցով թղթակցություններ իրականացնելու գործիքներին: 

Դասընթացը վարելու են սոցիալական մեդիայի ոլորտի մասնագետներ Հայաստանից, Վրաստանից, առցանց ուղիղ միացում է լինելու Եգիպտոսի եւ ԱՄՆ-ի սոցիալական մեդիայի, քարտեզանշման եւ հանրային թղթակցության  ոլորտի փորձագետների հետ:

Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ փետրվարի 24-ն է: Մասնակցելու համար պետք է ուղարկել համառոտ կենսագրություն/ CV/ ՝ լրացված հայտի հետ միասին [email protected] էլեկտրոնային հասցեին, կցելով առավելագույնը 3 թղթակցային/լրագրողական աշխատանքի նմուշ, բլոգային նոթ կամ այլ հեղինակային նյութ: Հայաստանի մարզերից դիմորդների կեցության եւ սննդի ծախսերը հոգում է ՀԼԱ-ն: Դասընթաց-ճամբարը տեղի կունենա 2012 թվականի մարտի երկրորդ կեսին:

Նշենք, որ Հանրային լրագրության ակումբը Հայաստանում գրանցված հասարակական կազմակերպություն է եւ հանդիսանում է ԱՄՆ-ում գործող Hacks/Hackers կազմակերպության հայաստանյան ներկայացուցիչը: