Իբերական թերակղզու կենտրոնական մասում գտնվող Դես Կուբյետա քարանձավում հնագետները հայտնաբերել են անսովոր հին գտածո, որը բացահայտում է նեանդերթալցիների վարքագծի նոր կողմերը։

Գիտնականների հայտնագործությունը նկարագրված է Archaeological and Anthropological Sciences ամսագրում հրապարակված հոդվածում։

Ավելի քան 43 000 տարի առաջ ժամանակակից մարդկանց այս անհետացած ազգականները հարյուրավոր, գուցե հազարավոր տարիներ նպատակաուղղված ձեւով հավաքել եւ քարանձավներում են պահել խոշոր սմբակավոր կենդանիների՝ տափաստանային բիզոնի, տուրի (ժամանակակից խոշոր եղջերավոր անասունների նախնին), կարմիր եղջերուի եւ նույնիսկ ռնգեղջյուրի գանգերը։

Ընդ որում, այդ գանգերի ծնոտոսկրերը բացակայում են, դրանք հայտնաբերվել են քարանձավի որոշակի վայրերում, ինչը ցույց է տալիս դրանց հատուկ գտնվելու տեղը։

Այս մնացորդների հնագիտական ​​շերտերը պարունակել են նաեւ ավելի քան 1 400 քարե գործիքներ, որոնք պատրաստվել են նեանդերթալցիներին բնորոշ մուստերյան տեխնոլոգիայով: Հաջորդ հազարամյակների ընթացքում քարանձավում տեղի են ունեցել բազմաթիվ փլվածքներ, գիտնականները ստիպված են եղել տարբերակել բնական գործընթացների հետքերը մարդկային գործունեության հետքերից: Քարե բեկորների, քարե գործիքների եւ ոսկորների բաշխման համեմատությունները ցույց են տվել, որ քարե բեկորներն ու ոսկորները քարանձավում են հայտնվել տարբեր ճանապարհներով, եւ որ գանգերի դասավորությունը պատահական չէր:

Այս անսովոր վարքագծի ճշգրիտ պատճառները մնում են անհասկանալի։ Գանգերի քանակը եւ դրանց դասավորության կանոնավորությունը ենթադրում են, որ սա մեկանգամյա իրադարձություն չի եղել, այլ կրկնվող ավանդույթ, որը, հնարավոր է, փոխանցվել է սերնդեսերունդ։ Ակնհայտ է, որ այն ուղղակի կապ չի ունեցել սննդի կամ առօրյա կյանքի հետ, քանի որ գանգերն առանձնացվել են մյուս ոսկորներից եւ տեղադրվել են ընտրողաբար։

Սա թույլ է տալիս ենթադրել, որ նեանդերթալցիները կարող էին ունեցած լինել բարդ մշակութային սովորույթներ, որոնք ներառել են խորհրդանշական վարք կամ կոլեկտիվ ավանդույթներ, չնայած դրանց իմաստը մնում է անհասկանալի։