Հնագետներն ու պալեոգենետիկները կարեւոր հայտնագործություն են կատարել, որը փոխում է Հյուսիսային Աֆրիկայի հնագույն բնակիչների մասին մեր պատկերացումները: Լիբիայի հարավ-արեւմուտքում գտնվող Տակարկորի ժայռոտ թաքստոցում հայտնաբերվել են կին անասնապահների 7 000-ամյա բնական մումիացված մնացորդներ: Նրանք ապրել են այսպես կոչված «Աֆրիկյան խոնավ ժամանակաշրջանում», երբ այսօրվա Սահարա անապատը կանաչ սավաննա էր՝ լի գետերով, բուսականությամբ եւ բազմազան կենդանական աշխարհով:
Նոր հետազոտության արդյունքները հրապարակվել են Nature ամսագրում:
Գիտնականներին՝ Մաքս Պլանկի էվոլյուցիոն մարդաբանության ինստիտուտի արխեոգենետիկ Նադա Սալեմի գլխավորությամբ, հաջողվել է ստանալ եւ ընթերցել հնագույն մարդկանց գենոմները, ինչը եզակի նվաճում է. ԴՆԹ-ն սովորաբար վատ է պահպանվում տաք կլիմայական պայմաններում: Նրանց հայտնաբերած գենետիկական տվյալներ, անսպասելի էին. դրանք չեն համապատասխանում ժամանակակից մարդկանց ԴՆԹ-ին եւ զգալիորեն տարբերվում են Սահարայից հարավ գտնվող ժամանակակից աֆրիկյան պոպուլյացիաների գենետիկական պրոֆիլներից:
Վերլուծությունը ցույց է տվել, որ այս հին բնակիչները պատկանել են նախկինում անհայտ եւ խորապես մեկուսացված գենետիկական տոհմի, որը տարբերվել է այլ աֆրիկյան խմբերից մոտավորապես նույն ժամանակահատվածում, ինչ բոլոր ժամանակակից ոչ աֆրիկացիների նախնիները: Այս տոհմը հազարամյակներ շարունակ մնացել է գենետիկորեն տարբեր, ինչը վկայում է Աֆրիկայի հյուսիսային եւ ենթասահարյան Ամասերի միջեւ գեների սահմանափակ հոսքի մասին։
Հետաքրքիր է, որ այս հին մարդիկ նեանդերթալյան ԴՆԹ շատ ավելի քիչ հետքեր ունեին, քան Աֆրիկայից դուրս գտնվող ժամանակակից մարդիկ, բայց դեռեւս ավելի շատ, քան Սահարայից հարավ գտնվող որոշ բնիկ խմբեր: Բացի այդ, նրանք գենետիկորեն ավելի մոտ էին Մարոկկոյի Թաֆորալտ քարանձավի հին որսորդ-հավաքողներին, որոնք հայտնի են ավելի վաղ գտածոներից։
Գիտնականները նաեւ ընդգծել են, որ այս հին գենետիկական տոհմի անհետացումը պարտադիր չէ, որ պայմանավորված լինի միգրացիաներով կամ հարկադիր տեղահանություններով, այլ, ավելի շուտ, մշակութային սովորույթների փոխանակմամբ, ինչպիսին է անասնապահությունը, մշակութային տարածման, այլ ոչ թե մարդկանց լայնածավալ վերաբնակեցման միջոցով։
Այս բացահայտումն ընդլայնում է մեր պատկերացումները Աֆրիկայում մարդկության վաղ պատմության բարդ պատկերի մասին՝ ցույց տալով, որ գենետիկական բազմազանությունը հնում կարող էր շատ ավելի բարդ լինել, քան ընդունված էր կարծել մինչ այժմ։




























