Գիտնականները ստացել են առաջին ուղիղ քիմիական ապացույցները, որ հին հռոմեացի բժիշկները մոտ 1 900 տարի առաջ իրականում օգտագործել են մարդկային կղանքը բժշկության մեջ։

Հայտնագործության մասին հոդվածը հրապարակվել է Journal of Archaeological Science: Reports ամսագրում։

Այս մասին պարզվել է Պերգամ (ներկայում՝ արեւմտյան Թուրքիայում) հին քաղաքի գերեզմանում հայտնաբերված փոքրիկ ապակե անոթի՝ ունգվենտարիումի մնացորդների վերլուծությունից հետո, որը հնագետները վաղուց համարում էին օծանելիքի կամ յուղերի տարածված տարա։

Գիտնականներն օգտագործել են գազային քրոմատոգրաֆիայի զանգվածային սպեկտրոմետրիայի (GC-MS) մեթոդը՝ որոշելու համար անոթի ներսում գտնվող մուգ շագանակագույն մնացորդների կազմը։ Նրանք հայտնաբերել են մարդու կղանքին բնորոշ բիոմարկերներ՝ coprostanol եւ 24‑ethylcoprostanol, ինչը վկայում է այն մասին, որ նյութն իսկապես մարդկային ծագում ունի եւ պատահական աղտոտում չէ։

Բացի այդ, մնացորդներում հայտնաբերվել է կարվակրոլ՝ չամանի եւ այլ նմանատիպ խոտաբույսերի մեջ հանդիպող բուրումնավետ միացություն: Սա ենթադրում է, որ հռոմեացի բժիշկները կղանքը խառնում էին չամանի նման խոտաբույսերի հետ՝ դեղամիջոցի տհաճ հոտը քողարկելու համար, այն ավելի տանելի դարձնելով պացիենտի համար։

Նման բաղադրատոմսերը համապատասխանում են հին հռոմեական բժշկական գրականության մեջ նկարագրվածերին, մասնավորապես՝ հին ամենաազդեցիկ բժիշկներից մեկի՝ Գալենի աշխատություններին, որի բժշկության վերաբերյալ գաղափարները դարեր շարունակ գերիշխել են արեւմտյան ավանդույթում: Գալենի տեքստերում նշվել է անսովոր բաղադրիչների, այդ թվում՝ կղանքի,օգտագործումը բորբոքումների, վարակների եւ այլ հիվանդությունների բուժման համար։

Մինչ օրս նման հղումները համարվել են գրական կամ տեսական հիշատակումներ, բայց այս հայտնագործությունը ցույց է տալիս, որ տեքստերում նկարագրված բաղադրատոմսերն իրականում օգտագործվել են գործնականում:

Գիտնականները ընդգծել են, որ հայտնագործությունը պատկերացում է տալիս այն մասին, թե ինչպես են հին բժիշկները փորձել պայքարել հիվանդությունների դեմ՝ օգտագործելով առկա ռեսուրսները՝ միաժամանակ ապահովելով, որ իրենց դեղամիջոցները գոնե որոշ չափով տանելի լինեն պացիենտների համար։